Բաժիններ՝

«Հզոր տղաների» լռությունը

«Եթե ամեն մեկդ 10 տեղ բացեք, անում է 1000 տեղ, եթե հազար աշխատատեղ եք բացում, ես բազմապատկում եմ 5-ով, պատկերացրեք՝ չեք թողնում, որ 5000 մարդ Հայաստանից գնա»,- երեկ այս կոչով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է «Ռուսաստանի հզոր տղաներին» (իր իսկ ձևակերպմամբ)՝ Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ։

Այո, ինչպես հասկացաք, նախարարը հորդորել է ռուսաստանաբնակ գործարարներին՝ Հայաստանում ներդրումներ անել՝ խոսքը համեմելով բարոյախրատական ոճի համեմատություններով. օրինակ է բերել (բացասական իմաստով) Մանթաշովի, Արամյանցի, Լազարյանների մասին, «որոնք Հայաստանում ոչինչ-ոչինչ չեն թողել, իրենք ամեն ինչ՝ ուժը, էներգիան, հնարավորությունները, դրել են օտար երկիրը զարգացնելու վրա, մեզ մնացել է իրենց փառքը, անունը, ուրիշ ոչինչ»։

Տկն Հակոբյանի համոզմամբ՝ մինչև 50-60 տարեկանը կարելի է շատ գործ անել դրսում, սակայն հատկապես 60-ից հետո պետք է հայացք նետել, թե հայրենիքում ինչ թողնել, ինչ ստեղծել։ Սակայն նախարարը հատուկ շեշտել է. «Ես չեմ ասում՝ բարեգործություն, դա մոռանանք, ի՞նչ կարևոր ծրագիր, ուղղություն զարգացնեք, որ մնաք հայոց պատմության մեջ, նկատի ունեմ՝ Ռուսաստանի հզոր տղաներին։ Սա թող լինի ձեր համար մեկ խնդիրը»։

Ինչո՞ւ ենք ասում, որ Հրանուշ Հակոբյանը սիրում է 1000 թիվը։ Որովհետև ոչ վաղ անցյալում նա կրկին հնչեցրել էր այս թիվը, սակայն՝ ոչ թե աշխատատեղի, այլ՝ փողի տեսանկյունից։ 2015 թվականի ապրիլին նա «մուննաթախառն» կոչ էր արել սփյուռքահայերին՝ 1000-ական դոլարի հաշիվ բացել Հայաստանյան բանկերում։ «Թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին։ Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան։ Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»,- ասել էր Հրանուշ Հակոբյանը՝ այդ կերպ արձագանքելով System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանին, ով ՀՀ իշխանություններին կոչ էր արել քայլեր ձեռնարկել երկրի վիճակը բարելավելու, ինստիտուցիոնալ անարդարությանը վերջ տալու և արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Սկզբում կարելի էր կարծել, որ դա պահի տակ արված արտահայտություն էր, սակայն հետո նախարարն ինքը պարզաբանեց, որ բանկերում ներդրումներ անելու գաղափարն առաջացել է 2013 թվականին` բանկերի և ֆինանսիստների հետ հանդիպման ժամանակ. «Գաղափարն այդ ժամանակ է ծնվել, դա նորություն չէ։ Ես շնորհակալ եմ լրագրողներից, որ այսպիսի աղմուկ բարձրացրեցին, որ սփյուռքում վերհիշեն»։

Ինչ օգուտ տվեց այդ կոչը՝ ոչ մի օգուտ։ Ոչ ռեզիդենտների (այդ թվում` սփյուռքահայերի)՝ հայկական բանկերում պահվող գումարների չափը չավելացավ։

Փորձենք հասկանալ սփյուռքահային, ով պարզ թվաբանություն գիտի։ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում ավանդ ներդնելիս՝ նա ստանում է տարեկան առավելագույնը 2-3% տոկոսավճար։ Հայաստանում՝ դոլարային ավանդի համար բանկերն առաջարկում են 6.5-7%։ Այսինքն, խնայողությունները Հայաստանում պահելը շատ ավելի շահավետ է, քան օտարերկրյա բանկերում։ Նման դեպքում սփյուռքահայն ի՛նքը պետք է շահագրգռված լինի՝ խնայողությունները պահել Հայաստանում։

Այդ դեպքում ինչո՞ւ նա իր խնայողությունները չի տեղափոխում Հայաստան, ի՞նչն է նրան խանգարում։ Այս հարցը Հրանուշ Հակոբյանն ու մյուս պետական պաշտոնյաները պետք է իրենք իրենց տային և փորձեին պատասխանը գտնել։ Սակայն դատելով Սփյուռքահայերի հետ հանդիպումից՝ նրանց այդ հարցը չի հետաքրքրում։

Որովհետև չի կարելի գործարարի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով՝ նրան ստիպել կամ համոզել Հայաստանում ներդրում անել։ Համոզելու միայն մեկ ճանապարհ կա՝ ստեղծել այնպիսի գործարար միջավայր, որ գործարարն ինքը ցանկանա Հայաստանում ներդրում կատարել։ Ու կապ չունի՝ սփյուռքահայ թե ավստրալացի, որովհետև բիզնեսն ազգություն չի ճանաչում։ Իսկ նման կոչերը՝ մուննաթով, խելք սովորեցնելով, կարող են հակառակը՝ վանել ցանկացած գործարարի։

Այս պարզ իրողությունն է պատճառը, որ բազմամիլիոն հայկական Սփյուռքի ահռելի պոտենցիալի 1%-ն անգամ չի օգտագործվում։ Իսկ Սփյուռքի պոտենցիալի, կարևորության ու այդ պոտենցիալը «մսխող» կառույցներին կանդրադառնանք առանձին հոդվածով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս