Ուշադրություն. մասնագետները խորհուրդ են տալիս արագացնել բերքահավաքը. ցրտեր են սպասվում

Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 17-ին Ուրալի տարածքից մեր երկիր է ներթափանցելու արկտիկական ճակատ, որը գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-18-ին` 16-ի համեմատությամբ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում` 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000 մ-ից ավել բարձրության վրա, սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանականությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա, և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում արագացնել բերքահավաքի աշխատանքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս