
Ռուսաստանցիների մեծ մասը կողմ է Հալեպի ռմբակոծություններին. հարցում

Ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծմանն ու չի ընդունում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին ուղղված քննադատությունը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցման արդյունքները։
Այսպես, ռուսաստանցիների 73 տոկոսը անհիմն է համարում Սիրիայում ռուս զինվորականների գործողությունների քննադատությունը։ Միայն 6 տոկոսն է քննադատությունը համարում տեղին։
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում Հալեպում ռուսական բանակի գործողությունների քննադատները ավելի շատ են, քան մեծ տարիքային խմբերում՝ 13 տոկոսն ընդդեմ 4-ի։
ՌԴ քաղաքացիների 32 տոկոսն աջակցում է Սիրիայի հակամարտությունում ՌԴ իշխանությունների ներկայիս քաղաքականությանը։
Ավելի զգուշավոր քաղաքականության օգտին հանդես է եկել հարցվածների 21 տոկոսը, իսկ ռուսաստանցիների 14 տոկոսը ցանկանում է հրաժարվել Սիրիայում ՌԴ գործողություններից։
Միաժամանակ, հարցվածների 16 տոկոսը հանդես է գալիս «ավելի ակտիվ» գործողությունների օգտին։