Բաժիններ՝

Ի՞նչ է անհրաժեշտ փոքր ու միջին բիզնեսին. Ուղերձ կառավարությանը

«ՓՄՁ-ին վերաբերող ծրագրային դրույթներում վաղուց ժամանակն է, որպեսզի լինեն առարկայական քայլեր: Այսինքն՝ մենք բազմաթիվ ռազմավարական կամ այլ ծրագրեր ենք կարդում, որտեղ տեսական, թեորետիկ գեղեցիկ արտահայտություններ են գրված: Այս հարցում, ցավոք սրտի, բացառություն չեն նաև ՓՄՁ-ին վերաբերող ծրագրերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր կառավարության ծրագրում ՓՄՁ ոլորտի հետ կապված ի՞նչ առաջնահերթությունների պետք է ուշադրություն դարձնել:

Ըստ նրա՝ այսօր ՓՄՁ-ն, իսկ առավել կոնկրետ՝ հենց գերփոքր բիզնեսը, որը, ինչպես գիտեք, կազմում է մեր երկրի ակտիվ հարկատուների մեծամասնությունը, առարկայական, հասցեական և հրատապ միջոցառումների կարիք ունի.

«Նրանք սպասում են, որ մի օր նրանց դուռը կբացի մի ներկայացուցիչ և ձեռքից կբռնի, կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, կօգնի նրա արտադրանքը հասցնել դրսի շուկաներ, վերջապես կօգնի մեջքն ուղել: Հիմա, եթե նայում ենք ՓՄՁ զարգացման 2016-18 ռազմավարությունը, որ հաստատվել է 2015թ.-ի հոկտեմբերին, դրանում տեղ գտած Փոքր բիզնեսի Ակտ-ի գնահատման տասը կետերից մեկում գրված է՝ «ՓՄՁ քաղաքականության մշակման կարգավորման շրջանակ», որի կատարման համար նշված է՝ «Մշակել կանոնակարգեր «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին համապատասխան: Ծիծաղելի է, հասկանում եք: Ամբողջ աշխարհը 21-րդ դարում շարժվում է այլ մտածելակերպով, մենք մեզ կոչ ենք անում մտածել փոքր: Այսօրվա աշխարհի բիզնես միջավայրի մտածելակերպի լոզունգը «Think The BIG»-ն է: Մենք մեզ չպետք է սահմանափակենք, այլ հակառակը, այսօր ինչքան սկսնակ բիզնեսի ծրագիր ենք հանդիպում, ասում ենք՝ լայն մտածի, սահմաններ մի՛ ճանաչիր, ազատ ու անվախ մխրճվիր միջազգային շուկա… Ինչ վերաբերում է, թե ինչ կուզենայինք տեսնել կառավարության ծրագրում, ապա նորից կկրկնվեմ՝ կոնկրետ քայլեր և այդ քայլերին հասնելու չափելի ինդիկատորներ, մոնիտորինգի մեխանիզմներ»:

Հ. Ավագյանի կարծիքով՝  3-4 ամսում ՀՀ-ում պետք է ներդնել Ազգային Բիզնես Ինկուբատոր, որն ինկուբացիա կանի, ձեռքից բռնած՝ մինչև առաջին գնորդին, առաջին արտահանման գործարքին կհասցնի թեթև արդյունաբերության ոլորտի սկսնակ և գործող փոքր բիզնեսներին, և դրվում է չափելի ինդիկատոր՝ 10 հատ, 20 հատ կոնկրետ բիզնես ծրագրեր և կոնկրետ արտահանում:

Պետական գնումներում 4-6 ամսվա ընթացքում, ըստ Հ. Ավագյանի, պետք է հասնել այն ցուցանիշի, որպեսզի, օրինակ, գնումների 30 տոկոսի մատակարարները լինեն գերփոքր բիզնեսները:

«6 ամսում պետք է ստեղծել 3 հատ մարզային մթերային կայաններ, որտեղ կհավաքագրվի գյուղմթերքը, ու գյուղացու փոխարեն՝ նրանք կզբաղվեն վերջիններիս արտադրանքի փաթեթավորումով, միասնական բրենդավորումով և արտահանումով:

Քնից արթնացնել ՓՄՁ ԶԱԿ-ին, տանել կանգնացնել հենց ՓՄՁ-ի կողքին, այնպիսի միջոցառումների, իրազեկումների, ՓՄՁ-ին մտահոգող խնդիրների հավաքագրման չափելի և վերահսկելի հանդիպումների և այցերի պլան կազմել, որ դրանից հետո ՓՄՁ-ն հերթ կանգնի այդ գրասենյակի բոլոր մասնաճյուղերում: Փոփոխել նրանց կողմից տրամադրվող վարկային ծրագրերը, որպեսզի վերջիններս կամաց-կամաց չդառնան սիրիահայ կամ տեղացի սկսնակ գործարարների համար հարկադիր կատարողներ:

Ներդնել հստակ գործող առնվազն 3 ուղղություններով արտահանմանն աջակցող գրասենյակներ՝ տուրիզմ, գյուղմթերք, թեթև արդյունաբերության գոնե 2 ապրանքատեսակ (ասենք՝ կոշիկ, հագուստ): Այստեղ էլ դնել չափելի, ստուգող ինդիկատորներ»,- ասաց Հ. Ավագյանը:

Նա նշեց, որ 4-5 ամսվա ընթացքում պետք է ներդնել փոքր բիզնեսի շահերի պաշտպանության գրասենյակ (Business Ombudsman), որն անընդհատության ռեժիմով կընդունի գերփոքր բիզնեսից բողոքները՝ պետական մարմինների, կոռուպցիոն խնդիրների հետ կապված, այդ ամենը մոնիտորինգի կենթարկի, և պարբերաբար տեղեկանքներ կհայտնվեն կառավարության ղեկավարի սեղանին, որի համար ևս շատ կարևոր կլինի տեսնել իր հանձնարարականների կատարման ինդիկատորները:

Հ. Ավագյանի կարծիքով՝ պետք է սահմանել, եթե անհրաժեշտություն կա՝ նույնիսկ օրենքը փոփոխել, ով է համարվում մեր երկրում գերփոքր բիզնես, նրան տալ գերփոքր բիզնեսի սերտիֆիկատ և նոր բոլոր այն դեպքերում, երբ կառավարությունը որոշում է արտոնություններ սահմանել, կամ ստուգումերից ազատել, կամ արտահանման աջակցություն ցուցաբերել, բոլոր պետական ծրագրերն առաջնորդվեն այդ չափորոշիչով: Ըստ նրա՝ ՓՄՁ-ին մտահոգող օրենսդրական խնդիրներն ու խոչընդոտները, սկսած հարկային, մաքսային, թույլտվություններ, լիցենզիաներ, արտահանման սերտիֆիկատներ և այլն, պետք է գույքագրել մեկ տեղ և ըստ դրա՝ կազմել Զարգացման ռազմավարական կարճաժամկետ ծրագիր՝ հստակ գործողությունների պլանով, ինչպես նաև ներդնել ՓՄՁ-ի վրա օրենսդրական ազդեցության գնահատման գրասենյակ, այդտեղ հավաքագրել բարձր վարձատրվող մասնագիտական թիմ, և առանց այդ գրասենյակի եզրակացության՝ ոչ մի օրենսդրական նախագիծ չուղարկել ԱԺ:

«Չգիտեմ, թե է՛լ ինչ թվարկենք: Մեր վերը թվարկած գործողությունների, միջոցառումների մեծամասնությունը երկու արդեն նախորդ կառավարություններին ներկայացրել ենք, շատ դեպքերում հասել ենք օրենսդրական մշակման, բայց այդպես էլ առարկայական արագ լուծումների չենք կարողանում հասնել»,- նկատեց Հ. Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս