«Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել». Արսեն Հարությունյան
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին:
Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրեց Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները:
Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների խորհրդատուների ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3
տարի:
Արսեն Հարությունյանը կարևորեց KfW բանկի գործունեությունը Հայաստանում և
պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել:
«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է
մոտենում մրցույթային գործընթացներին:
Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն