Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, Պուտինը վիրավորված վերադառնում էր Մոսկվա… «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերստին հիշեցրեց մի խնդրի մասին, որը վերջին տարիներին պարբերաբար ի հայտ է գալիս: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ՝ կեսգիշերից սկսած, ողջ օրը փորձել են հակապուտինյան ակցիաներ կազմակերպել:

Ավելին՝ ակցիաներն իրականացրել են «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսի ներքո: Ակցիայի նպատակն էր ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի սպասում: Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, եւ ՌԴ նախագահը վիրավորված վերադառնում էր Մոսկվա, ի՞նչ էր շահելու Հայաստանը: Եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը:

Հ.Գ. Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստների այս «հակա» տեսակը տարածում ստացավ վերջին երեք տարիներին: 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուրջ որակական փոփոխություն էր կրել: Հասարակական կյանքում այն տարեցտարի ավելի ազդեցիկ էր դառնում: Մինչեւ 2012 թվականը քաղաքացիական հասարակությունը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին ստիպեց զիջումների գնալ: Սակայն այն պահից, երբ «հակա»-ի ցեցը սկսեց պատել քաղաքացիական հասարակությանը, նրանք սկսեցին բաժանվել «հակառուսի», «հակաեվրոպացու» կամ «հակաամերիկացու»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս