Բաժիններ՝

«Թուրքական հոսքը» մրցակից չէ TANAP-ին. կոնսորցիումի ղեկավար

«Թուրքական հոսքը» մրցակից չէ Տրանսանատոլիական խողովակատարին (TANAP), ասել է TANAP կոնսորցիումի ղեկավար Սալթուկ Դյուզոյլը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ TANAP-ը 15 տարի ժամկետով երկու պայմանագիր ունի գազի տարանցման վերաբերյալ, ինչը երաշխավորում է նրա կայուն եկամուտը։

«TANAP-ը նոր երթուղիներ է բացում գազը Թուրքիային և Եվրոպային մատակարարելու համար և նպաստում է աղբյուրների դիվերսիֆիկացմանը»,- ասել է Դյուզոյլը։
Կոնսորցիումի ղեկավարի խոսքով՝ 2018թ. հունիսին պլանավորվում է TANAP-ով գազի մատակարարումը Թուրքիային։

«Այսօրվա դրությամբ կոնսորցիումը ստորագրել է ավելի քան 5 մլրդ դոլարի պայմանագրեր։ Շինարարության վրա արդեն ծախսվել է 3 մլրդ դոլար։ Խողովակատարի շինարարության վրա աշխատում է 8 հազար մարդ»,- ասել է Դյուզոյլը։

Նա նշել է, որ TANAP-ի շինարարությունից հետո Ադրբեջանը կդառնա թուրքական շուկա գազի երկրորդ մատակարարը՝ առաջ անցնելով Իրանից։

TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին:

TANAP-ի բաժնետերերի կազմը հետևյալ տեսքն ունի՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական Botas-ին՝ 30 տոկոսը, BP-ին՝ 12 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս