Ռուսաստանը կշարունակի ամրապնդել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ
Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ, Երեւանում ArmHiTec-2016 ցուցահանդեսում կներկայացվեն ռուսական ռազմական տեխնիկայի լավագույն նմուշները: Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է ArmHiTec-2016-ում «Ռ ստեխ» պետական կորպորացիայի եւ «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը:
Զենքի եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսը Երեւանում անցկացվում է հոկտեմբերի 13-ից մինչեւ 15-ը:
«Լավ ավանդույթ է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին: Մեզ համար սա հիանալի առիթ է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մեր գործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի եւ այլ երկրների հետ»,-ասել է Գոնչարովը:
Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնեն 16 ձեռնարկություններ, որոնք պոտենցիալ պատվիրատուներին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք:
Բացի այդ, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ArmHiTec-2016-ում կցուցադրեն նորագույն անօդաչու թռչող սարքեր ու համալիրներ, կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգեր, հսկման եւ անհատական պաշտպանության միջոցներ, լազերային, տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվության պաշտպանության համակարգեր, հանդերձանք, բժշկական ապահովման միջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: