Ինչն է գրավելու ներդրողներին` ըստ Էմիլ Տարասյանի
«Ներդրողների և ներդրումների չափի ավելացման հետ կապված հիմնական խնդիրը եկամտահարկը չէ: Մենք ունենք շատ ավելի գրավիչ գործիչքներ, որ գրավում են ներդրողներին Հայաստանում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը` մեկնաբանելով Նյու Յորքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստան եկող ներդրողներին հարկային օրենսգիրքը արտոնություններ է տալիս:
Ըստ նրա` ազատ տնտեսական գոտիները, առևտրային ռեժիմները` GSP և GSP+, բավականին գրավիչ արտոնություններ են ներդրողների համար:
Հարկային օրենսգրքի հետ կապված Է.Տարասյանը նշեց, որ գործարարների հետ ինտենսիվ հետադարձ կապ ունեն, նախարարությունը վերլուծություններ է անում, թե որ ՀՕ-ում ուղղությունները տնտեսական աճի առումով խոչընդոտ կարող են հանդիսանալ և հնարավոր են փոփոխություններ:
Է.Տարասյանը չկարողացավ նշել ՀՕ-ում մի կետ, որ անձամբ իր կարծիքով մտահոգիչ է: Փոխարենը նա նշեց ՏՏ ոլորտի մտավախությունը, որ բարձր աշխատավարձ ստացողները եկամտահարկի պատճառով խնդիրներ կունենան:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՕ ազդեցության գնահատականներն այդպես էլ գաղտնի մնացին, մինչդեռ բոլոր օրենսդրական նախաձեռնությունների դեպքում դրանց հրապարակումը պարտադիր է, փոխնախարարը չկարողացավ պատասխանել, միայն նշեց, որ լրագրողական հարցում անելու դեպքում ազդեցության գնահատականները կտրամադրվեն: