Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին չի խանգարի Անկարայի կապերի հաստատմանն այլ դաշնակիցների հետ. Թուրքիայի փոխվարչապետ
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը չի խոչընդոտի այլ երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ հայտարարելով, թե Անկարան շարունակելու է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
«Թուրքիան կարող է միաժամանակ բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ Մի պետության հետ լավ հարաբերությունները չեն նշանակում, թե մյուսների հետ հարաբերությունները լարված են»,- հայտարարել է Քուրթուլմուշը թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում։
Հերքելով ենթադրություններն այն մասին, թե ՌԴ-ի հետ մերձեցումը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը, վերջինս նշել է, որ Թուրքիան միաժամանակ ավելի քան 10 միջազգային դաշինքի անդամ է, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Սևծովյան տնտեսական համագործակցության։ Բացի այդ՝ Թուրքիան բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։
Քուրթուլմուշը նաև հայտարարել է, թե թուրքական զորքերը կմնան Իրաքի հյուսիսում՝ «Բաշիկա» ռազմական ճամբարում, քանի դեռ ԴԱԻՇ-ը չի հեռացել Մոսուլ քաղաքից։