«Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը». Սամվել Բաբայան. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:
– Ըստ ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել, խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:
– Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:
-Եթե 14 թվականին բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:
– Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:
– Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:
– Հա, մի հատ խփեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար, առաջին հերթին, քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ: Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ: Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:
– Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք:
– Բացասական եմ գնահատում:
– Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում:
– Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք ա պաշտպանվենք:
– Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը:
– Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում:
– Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը:
-Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել:
-Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում:
– Իհարկե՝ ոչ:
-Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց:
– Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ:
-Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից:
-Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է:
– Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել:
-Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք:
-Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան: Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր ռազմավարական ծրագիրը չի հրապարակել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: