
Նյու Յորքում ներկայացվել են Հայաստանում մասնավոր ներդրումների աջակցման գործիքները

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կազմակերպված «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում թեմատիկ լիագումար նիստի մասնակից գործարարներին ներկայացվել են ֆինանսական ինստիտուտների կողմից մասնավոր ներդրումների աջակցման գործիքները: Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից համաժողովը կազմակերպվել է՝ մեր երկրում օտարերկրյա ներդրումները խթանելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանի կողմից նախապատրաստվել է ընդարձակ զեկույց, որն օտարերկրյա գործարարներին ներկայացրել է ներդրումային ու հետներդրումային շրջանում հասանելի աջակցության գործիքները:
«Հայաստանի զարգացման հիմնադրամը օտարերկրյա ներդրողներին տրամադրում է հարուստ գործիքակազմ, իրենց՝ Հայաստան մուտքը հեշտացնելու համար։ Հիմնադրամը նաև տրամադրում է տեղեկություններ շուկայի վերաբերյալ, աջակցում Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպմանը և, ընդհանուր առմամբ, գործարարներին քաջալերում ներդրումներ կատարելու Հայաստանում»,- նշված է հիմնական զեկույցում:
Լիագումար նիստի բանախոս, Վաշինգտոնում Եվրոպական ներդրումային բանկի մշտական ներկայացուցչի տեղակալ Կարլոտա Սենալմորը նշել է. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գնում է ճիշտ զարգացման ուղով և այդ ուղղությամբ մենք էապես մեծացնում ենք մեր ներգրավվածությունը Հայաստանում»։
Համաժողովի մասնակից օտարերկրյա ներդրողներին տեղեկություններ են տրամադրվել նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տրված՝ երկրի վարկանիշի վերաբերյալ: Մասնավորապես, «Հերիթեյջ ֆաունդեյշընը», ներդրումների ազատության ինդեքսով, Հայաստանը վարկանշավորվել է 23-րդ տեղով, իսկ Համաշխարհային բանկի «Doing Business 2016» զեկույցը Հայաստանը դիրքավորել է 35-րդ տեղում՝ իր բարենպաստ գործարար պայմանների համար: