«Վրաստանում անցկացված ընտրություններից հետո հայ-վրացական հարաբերությունները կամրապնդվեն». վրացի նախկին դիվանագետ

«Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ բեկումներ չեն սպասվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ «Վրացական երազանք» (48.65 տոկոս), «Միացյալ ազգային շարժում»՝ 27.12 տոկոս, և «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 5 տոկոս:

Մենագարիշվիլիի խոսքով՝ ընտրությունների արդյունքում ստացված պատկերը կանխատեսելի էր։ Թեև, ըստ նրա, իշխանությունը փորձեց իր դիրքերը երաշխավորել նաև որոշ կեղծիքների միջոցով, որոնք, ըստ էության, այդքան էլ չազդեցին ընտրությունների վերջնարդյունքների վրա, ինչպես իրենց զեկույցներում պնդել էին միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունները։

«Ձայների հաշվարկների ժամանակ որոշ ընտրատեղամասերում եղան խնդիրներ՝ լույս անջատվեց, ծեծկռտուք, անախորժ միջադեպեր, որոնք, իմ կարծիքով, եթե նույնիսկ ազդել են արդյունքների վրա, ապա՝ ոչ ավելին, քան 5%-ը։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ միջազգային կազմակերպությունները փակ դռների ետևում կհանդիմանեն Վրաստանի իշխանություններին, որոնց այս քաղաքականության ամրապնդումը կարող է խափանել երկրի ընտրած եվրաատլանտյան ուղին»,- նշեց նախկին նախարարը։

Հարցին, թե ինչպե՞ս կվերաձևակերպվի Վրաստանի արտաքին քաղաքականությունն այս ընտրություններից հետո, Մենագարիշվիլին պատասխանեց, որ բեկումնային փոփոխություններ չեն լինելու։ «Ես կարծում եմ, որ ամրապնդելով իր դիրքերը՝ «Վրացական երազանքը» կշարունակի իր աշխատանքը նախապես ուրվագծված ուղենիշով՝ կշարունակի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան, հավասարակշռված հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Վերջին բաղադրիչը բավականին հակասական ընկալումներ է ստանում հասարակությունում, բայց կարծում եմ՝ այս ընտրություններից հետո շեշտն այս ուղղությամբ ավելի ընդգծված կլինի։ Կշարունակվի եվրաատլանտյան ուղին միանշանակորեն, այս ուղուն սպառնացող ոչինչ չկա Վրաստանում։ Այս ամենից, բնականաբար, կշահեն և կամրապնդվեն հայ-վրացական հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանն ու Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքական ուղին։ Այնուամենայնիվ հայ-վրացական հարաբերությունները պահպանելու են իրենց նախկին դինամիկան, դրանք մշտապես դուրս են եղել աշխարհաքաղաքական «խաղերից»»,- նման համոզմունք հայտնեց Մենագարիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս