Նազարբաևը չեղյալ է հայտարարել Հայաստան այցը. Reuters
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել է Հայաստան կատարելիք այցը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Գործակալությունը գրում է, որ տեղի ունեցածն անսովոր է, քանի որ Նազարբաևի աշխատակազմը հազվադեպ է տեղեկություններ հրապարակում 76-ամյա նախագահի առողջական վիճակի վերաբերյալ, որը միշտ գաղտնի է պահվում։
Որոշ քաղաքագետներ, այդ թվում՝ ղազախ քաղաքական վերլուծաբան Աիդոս Սարյըմը, կարծում են, որ այնպիսի տպավորություն է, թե նա այդկերպ խուսափում է Հայաստան այցելությունից, ուր պետք է ժամաներ հոկտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։
Reuters-ը գրում է, Աստանայի և Երևանի հարաբերությունները ապրիլյան պատերազմից հետո բավական լարված են։ Ղազախստանի պնդմամբ՝ ԵՏՄ-ի նիստը Երևանից տեղափոխվել էր, այնինչ այն պետք է տեղի ունենար Երևանում։
Այնուհետև գործակալությունը հիշեցնում է Ադրբեջանի և Ղազախստանի սերտ հարաբերությունների մասին, որոնք երկուսն էլ թյուրքախոս երկրներ են, բնակչությունը՝ գերազանցապես մուսուլման։ Բացի այդ՝ երկու երկրներն ունեն առևտրային սերտ կապեր։
Reuters-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին Երևանում պետք է տեղի ունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է հայտարարել նաև հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան:
«Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Ադրբեջան, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, չեղյալ է համարվել Ղազախստանի առաջնորդի մրսածության հետևանքով: Երկրի ղեկավարը այժմ բուժման փուլում է»,- հայտնել էր աղբյուրը: