«Վիկտոր Դալլաքյանն ի՞նչ է ներկայացնում իրենից իշխանության համար, որ իրեն վնաս տան, էդ ո՞վ է որ». Էդմոն Մարուքյան
«Վիկտոր Դալլաքյանը գործուղվել է իշխանությունների կողմից նոր գործընթացները խաթարելու, ընդհանրապես քաղաքական դաշտն ապականելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Դալլաքյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնից հրաժարվելու և ՀՀԿ-ից դուրս գալու մասին։ Նա նաև անդրադարձել էր 2012-ի ընտրություններին՝ ասելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի միջև պայմանավորվածություն է եղել, և «օրենքի խախտմամբ»՝ Վիկտոր Դալլաքյանի փոխարեն Էդմոն Մարուքյանն է պատգամավոր ընտրվել:
Է. Մարուքյանի խոսքով՝ Վ. Դալլաքյանի «պիտանելիության ժամկետն» անցած է. «Ինքը որևէ կերպ չի կարող ազդել պրոցեսների վրա։ Նորմալ է, որևէ խնդիր ես չեմ տեսնում ու չեմ պատրաստվում մտնել նրա հետ որևէ բանավեճի մեջ։ Առաջին անգամ նա իր դեմքով է մեղադրանք ներկայացրել, դրա համար ես պատասխանել եմ, մինչ այդ միշտ ինչ-որ մարդկանց միջոցով է արել, երբևէ իր դեմքով ինձ չի մեղադրել, բացի ընտրությունների արդյունքները վիճարկելուց»։
Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է՝ Վ. Դալլաքյանը դուրս է գալիս Է. Մարուքյանի և Սերժ Սարգսյանի դեմ՝ ասելով, որ, եթե իր հետ ինչ-որ բան լինի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, Է. Մարուքյանն այսպես արձագանքեց.
«Դա 1990-ականների քաղաքական տրյուկ է, Դալլաքյանն այնքան հետ է մնացել պրոցեսներից, էնքան է հնացել, մաշվել, որ 1990-ականների տրյուկ է անում։ Էդ, որ ասում էիր՝ Սերժ Սարգսյանը կոն է անում կազինոներում, այդ ժամանակ քեզ վնաս չեն տվել, հիմա էդ ի՞նչ ես արել, որ քեզ վնաս տան, կամ ինքն ի՞նչ է ներկայացնում իրենից իշխանության համար, որ իրեն վնաս տան, էդ ո՞վ է որ, որ մի հատ էլ նախապես հայտարարում է, որ պաշտպանության տակ լինի»։
Անդրադառնալով նրան, որ Վ. Դալլաքյանը միաժամանակ ողջունում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ ասելով, որ «չարիք է նա, ով Գ. Ծառուկյանին չարիք է անվանում», Է. Մարուքյանն ասաց. «Ոչ նայել եմ այդ ասուլիսը, ոչ էլ։ Ում է ողջունում, ում է բարևում, ում է դատապարտում՝ ինձ չի հետաքրքրում, ընդհանրապես Վիկտոր Դալլաքյանն ինձ չի հետաքրքրում, նա ինձ համար անցած էտապ է»։