![](/banners/BeFunky-design.jpg)
Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/Mukuchyan.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում իր տեսակետը հայտնել քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են ստորագրված ընտրացուցակերի հրապարակմանը և ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանմանը: Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ցանկացած օրենսգրքի վերաբերյալ որևէ տեսակետ ներկայացնելը նշանակում է գնահատականներ տալ նշված կանոնակարգումներին, որոնք ամրագրված են օրենսգրքում:
«Հատկապես այն դեպքում, երբ այդ նախագիծը մշակվել է՝ հիմքում ունենալու քաղաքական ուժերի միջև համաձայնությունը, որևէ տեսակետ ներկայացնելու կարիք չկա: Այստեղ ավելի կարևոր են օրենսդրական կանոնակարգումները, քան ինչ-որ մասնագիտական գնահատականները կամ կարծիքները»,- նշեց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում ԿԸՀ-ն առաջին հերթին պետք է կյանքի կոչի օրենքի պահանջները: «Իմ անձնական կարծիքը ես բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, սակայն իմ անձնական կարծիքը մեկ այլ խնդիր է, օրենսդրական կանոնակարգումը՝ բոլորովին այլ խնդիր: Եթե օրենքում ամրագրվում է նման կանոնակարգում, ապա ԿԸՀ-ն՝ որպես պետական մարմին, պարտավոր է կյանքի կոչել օրենքում ամրագրված դրույթները»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:
Ազգային ժողովի 5 խմբակցություններ և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` նախատեսվում է Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք ենթադրում են ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանում և օնլայն հեռարձակում, ինչպես նաև տարբեր ընտրախախտումների համար պատիժների խստացում: Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: