«Պարոն Ագրամունտ, դուք գերազանցում եք ձեր լիազորությունները և զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ». Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում վարման կարգով ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։ ԲՀԿ պատգամավորն իր ելույթում ասել է՝
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին՝ հանձնարարելով ԵԽԽՎ քարտուղարությանը իմ ելույթները ելույթ ունեցողների ցանկում գրել ամենավերջում։ Ավելին, այն, որ իմ ելույթները Ագրամունտին նյարդայնացնում են, այդ մասին նա փոխանցել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ ԵԽ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Պարույր Հովհաննիսյանին։ Ավելին, Ագրամունտը իրեն իրավունք է վերապահում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները խմբագրել եւ իրեն ոչ հաճո հատվածները հանած տեղադրել Վեհաժողովի պաշտոնական կայքում, ինչի մասին եւս նա տեղեկացրել է մեր պատվիրակության ղեկավարին, նշելով, որ իմ լեքսիկոնը իր համար ընդունելի չէ։ Այսինքն, երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները եւ նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում։
Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները եւ զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով ես պայքարելու եմ ձեր ինքնիրավչության եւ կամայականությունների դեմ»։