Ինչո՞ւ է Մամիկոն Ասլանյանը համբուրում Հեղինե Բիշարյանին՝ ըստ Բիշարյանի

«Ես հենց հիմա Վանաձորում եմ, ինձ որևէ մեկը չի կարող մեղադրել, բացարձակապես 5-ից 5-ը մենք հստակ պահել ենք մեր գիծը։ Թող փնտրեն այնտեղ, որտեղ, չգիտեմ, կգտնեն իրենց դավաճանողներին։ Մեր թիմից որևէ մեկը չի դավաճանել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստանի» հետ պայմանավորվածությունը խախտելու վերաբերյալ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության հասցեին հնչող մեղադրանքները։

Փորձեցինք մեջբերել ԲՀԿ-ականների պնդումները, որ իրենք պահել են պայմանավորվածությունը և քվեարկության հատուկ նշան են կիրառել, որը կարող է հաստատել նաև Վանաձորում ավագանու հաշվիչ հանձնաժողովում ԼՀ ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանը, սակայն Հ. Բիշարյանը չցանկացավ լսել ԲՀԿ-ականների մասին և հայտարարեց. «Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է ասում։ Ես ասացի մեր տեսակետը։ Մենք հստակ պայմանավորվածություն ունեինք, մեր քաղաքական թիմերով որոշում ունեինք, ես համարում եմ անբարոյական այն մարդկանց, որոնք պայմանավորածություններից շեղվել են։ Բայց քանի որ մենք պատգամավորներով եղել ենք այնտեղ, պայքարել ենք մինչև վերջ, որ բոլոր խախտումների, սխալ մոտեցումների համար, որ հստակ և ճիշտ անցնի, ես վճռական և վստահ ասում եմ՝ իմ քաղաքական թիմի ավագանիները բոլորն ընտրել են՝ մեր որոշման համաձայն»։

Թե ո՞վ կարող էր պայմանավորվածությունը խախտել, Հ. Բիշարյանը նշեց, թե գուշակություններով չի զբաղվում, և դա լավ գործ չի, ոչ մեկին խորհուրդ չի տա, ավելի լավ է ամեն քաղաքական թիմ քննարկի, որոշի և գտնի՝ որքանով են իրենց թիմերը կապված դրա հետ։

Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը, որտեղ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը համբուրում է Հեղինե Բիշարյանին, վերջինս մեկնաբանեց այսպես. «Ես ինքս էլ եմ զարմացած, որ Մամիկոն Ասլանյանը, երբ միջանցքում ժողովուրդն ամբողջությամբ սպասում էր հայտարարությանը, երբ լսեց, որ ինքը հաղթել է, ինձ համար շատ զարմանալի, բոլորին ողջագուրվելով, հերթականով՝ ինձ նույնպես ողջագուրվեց։ Մենք զարմացած մնացինք, որ այս ի՞նչ վերաբերմունք էր։ Ըստ երևույթին, այնքան էր զարմացած իր հաջողության վրա, որ չէր նայում, թե ում է ողջագուրվում»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու այսօրվա նիստում, երկարատև քննարկումներից, վեճերից հետո,  ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Նա հավաքեց 19 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14 ձայն:

Տեսանյութեր

Լրահոս