Լևոն Հայրապետյանին ցանկանում են «ծնկի բերել». նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը

Այսօր ես այստեղ պայքարում եմ հորս ազատության համար և հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, քանի որ ավելի քան վստահ եմ, որ հայրս ոչ մի հանցանք չի գործել: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ հայրս իր նվիրվածությամբ, իր արժեքավոր գործերով ապացուցել է, որ Հայաստան և Արցախ աշխարհները մեկ ամբողջություն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը:

Նա նշեց, որ հայրը տարիների ընթացքում մեծ հետք է թողել Արցախ աշխարհում: «Նաև, չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին, և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա իր ֆինանսական օժանդակությունը հայտնելու համար վերջերս պարգևատրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից»,- ասաց Լևոն Հայրապետյանի դուստրը:

Նրա խոսքով՝ վերջերս հնարավորություն են ունեցել հեռախոսով խոսել հոր հետ, ով փոխանցել է, որ ազատ արձակվելուց հետո վերադառնալու է Արցախ և շարունակելու է իր գործերը: «Առողջական վիճակը, բնականաբար, այդ պայմաններում լավ չի կարող լինել, բայց նա շատ ուժեղ է, և կարծում եմ, որ այս փորձությունն էլ կհաղթահարի»,- ասաց Զարուհի Հայրապետյանը:

Իրավաբան Հայկազ Մակարյանի խոսքով՝ արդեն երկու ամիս է, ինչ Լևոն Հայրապետյանը գտնվում է Մարդովիայի Հանրապետության բանտում, որն իր պայմաններով Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից է:

Ըստ նրա՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը պատճառաբանել են նրա բարօրությամբ, իբրև թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես Լևոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»:

Ըստ Հայկազ Մակարյանի՝ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է որոշակիորեն լավ, սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ նա բուժկետից տեղափոխվել է խուց: Ըստ Հայկազ Մակարյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին Լևոն Հայրապետյանը հսկայական գումարներ է փոխանցել Արցախին՝ տարբեր կարիքներ հոգալու համար:

Նա խնդրանքով և կոչով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Ազգային ժողովին, որպեսզի Լ. Հայրապետյանի հարցը մտնի ԱԺ օրակարգ: Ըստ նրա՝ իշխանությունները բաց կոչով պետք է դիմեն ՌԴ Պետդումայի ղեկավարին՝ խնդրելով անմիջապես լուծել էքստրադիցիայի հարցը:

 

Տեսանյութեր

Լրահոս