ՄԱԿ-ն ու միջազգային մյուս կազմակերպությունները դատապարտել են նախընտրական Վրաստանում բռնության փաստերը
ՄԱԿ-ն ու միջազգային մյուս կազմակերպությունները դատապարտել են Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին բռնության փաստերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ՄԱԿ-ի պարենի զարգացման ծրագրի ղեկավար Նիլս Սքոթը։
«ՄԱԿ-ը, Պարենի զարգացման ծրագիրը, բոլոր միջզգային կազմակերպությունները դատապարտում են ցանկացած բռնություն, որը չպետք է տեղ ունենա նախընտրական շրջանում»,- ասել է Սքոթը։
Նա հույս է հայտնել, որ Վրաստանում բռնության դեպքերը կբացահայտվեն։
«Դեռ մեկ շաբաթ առաջ կարելի էր ասել, որ դա օրինակելի նախընտրական արշավ էր՝ բոլոր առումներով, այդ թվում՝ ԶԼՄ-ների լուսաբանման տեսակետից։ Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, փոխել են պատկերը»,- նշել է Սքոթը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին։ Ընտրություններին մասնակցում են 19 կուսակցություն, 6 ընտրական դաշինք և անկախ թեկնածուներ։