Բաժիններ՝

Հայիթիում «Մեթյու» փոթորկին զոհ է գնացել ավելի քան 300 մարդ

«Մեթյու» փոթորիկը Հայիթիում խլել է ավելի քան 300 մարդու կյանք, հայտնել են այս կղզային պետության իշխանությունները։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, քանի որ փրկարարները դեռ չեն կարողացել հասնել երկրի առավել հեռավոր շրջաններին։

Զոհերի թիվը երկրում սրընթաց ավելանում է։ Դեռևս նախօրեին երկրի իշխանությունները հայտնել էին ընդամենը 23 զոհի մասին։ Այս գիշեր արդեն հայտնի էր 283 զոհի մասին։
Reuters գործակալությունը հայտնում է 339 զոհի մասին, սակայն այդ տվյալները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

Փոթորիկը փաստացի ավերել է Ժերեմի քաղաքը, որտեղ շինությունների 80 տոկոսը ոչնչացվել է։ Իշխանությունները հայտնում են, որ միայն Ռոշ-ա-Բատո քաղաքում զոհվել է 50 մարդ:

Հայիթիի նախագահի պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերը հայտարարել է, որ իրավիճակը հարավային բազմաթիվ խոշոր քաղաքներում աղետալի է: Այն Բահամյան կղզիներից հետո պատուհասել է Հայիթին, որտեղ առաջացրել է ջրհեղեղներ ու սողանքներ:
Հայիթիից հետո փոթորիկը փոխել է շարժման ուղղությունը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ուղղությամբ։

«Մեթյուն» ողջ ուժով կպատուհասի Ֆլորիդայի կենտրոնական և հյուսիսային շրջանները, ապա կշարժվի Ջորջիայի և Հարավային Կարոլինայի կողմերը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել վերոնշյալ նահանգներում, որտեղ ուղարկվելու են փրկարարական հավելյալ ջոկատներ։
Փակվում են դպրոցները, համալսարաններն ու կառավարական հաստատությունները։
Մայամիի օդանավակայանից թռիչքների 90 տոկոսը չեղյալ է հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս