«Այս պահի դրությամբ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը կազմում է 35 մլն դոլար». Աշոտ Մանուկյան
«Այս պահի դրությամբ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը կազմում է 35 մլն դոլար։ Այն, ինչ հնչել էր ռուսական «Լայֆ նյուզի» եթերից, 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ պարտքն էր, որը կազմում էր 52 մլն 300 հազար դոլար։ 17 մլն 300 հազար դոլարը մարվել է»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցադրմանը, այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Պարտքի առաջացման պատճառների մասին հարցին նախարարը տվեց «յուրօրինակ» պատասխան. «Օգտագործված բնական գազի դիմաց վճարումներ չկատարելու արդյունքում»։
Խոսելով «Երևանի ՋԷԿ»-ի օտարման հնարավորության մասին, նա ասաց, որ կառավարությունը երբևէ նման բան չի քննարկել, չի քննարկում ու առաջիկայում չի քննարկելու՝ որևէ պարտքի դիմաց «Երևանի ՋԷԿ»-ի օտարման հարցը։
«Թե ինչպես ենք պատրաստվում փակել այս պարտքը, կան տարբերակներ։ Իհարկե, դրամով փակելը մնում է՝ որպես առաջին տարբերակ, բայց «Գազպրոմի» հետ ընթացել ու ընթանում են քննարկումները ՝ գույքով նշված գումարը փակելու հնարավորության վերաբերյալ։ Որպեսզի թյուրիմացություններ չառաջանան, ասեմ՝ ինչ գույքի մասին է խոսքը. 1995-ից հետո ստեղծված գազաբաշխիչ ցանցերը, որոնք 2000թ.-ից չեն օգտագործվում, հանձնվեցին Էներգետիկայի նախարարության հաշվեկշիռ, այնուհետև տեղափոխվեցին «Երևանի ՋԷԿ»-ի հաշվեկշիռ։ Խոսքը հենց այդ գազաբաշխիչ ցանցերի ու խողովակաշարերի մասին է»։
Խ. Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ինչպես են հաշվել, որ պարտքը հնարավոր է մարել խողովակաշարերով, աուդիտ արե՞լ են, նաև նկատեց՝ հասկանալի է, որ պարտքն առաջանում է չվճարելու պատճառով, ուրիշ պատճառով չի կարող, ուղղակի անհասկանալի է՝ ինչո՞ւ չի վճարվել։
««Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն աշխատող ընկերություն է, ամեն ամիս վերցնում է բնական գազ, հաջորդ ամսվա 25-ին վճարում է դրա համար։ Ցանկացած պահի այդ պարտքի թիվը կարող է փոփոխվել։ Ինչ վերաբերում է տեխնիկական աուդիտին, ապա՝ այո, միանշանակ անցկացվել է, չափագրվել են բոլոր խողովակաշարերը, ամեն ինչը, հենց հաշվարկների ու չափագրումների արդյունքում մեր գնահատականներով ստացվել է այն թիվը, որի մասին ասացի։ Երբ ավելի նյութական կդառնա քննարկումը, և մենք կգանք որևէ եզրակացության «Գազպրոմի» հետ, իհարկե, կանցկացվի անկախ աուդիտ և անկախ գնահատում»,- պարզաբանեց նախարարը։