«Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք: Ասեմ, որ ես էլ եմ վախենում». Թևան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունն ԱԺ-ում.
«Վերջին երկու օրվա մեջ իշխանությունը ներկայացնող՝ առնվազն տասնյակից ավել շատ հարգարժան քաղաքական գործիչներ հասցրել են ասուլիս ու ինտերվյու տալ այն մասին, որ ժողովուրդը շարունակում է վստահել հանրապետականին, որ հանրապետականը շարունակում է վստահորեն առաջնորդել քաղաքական դաշտը, որ հաղթել են այստեղ, հաղթել են այնտեղ, հաղթելու եք երրորդ տեղն էլ և ամենուր։ Երեկ արդեն քսաներորդ հանրապետականի հարցազրույցը նայում էի մեկ այլ պատուհանում պատահաբար բացված՝ ռուսական «Բրիգադա» սերիալի երաժշտության ներքո։ Հավատացնում եմ ձեզ, ներդաշնակ ինչ-որ բան կար այդ համադրության մեջ։
Իրականում ցանկացած տանն ու բակում չեք գտնի մարդու, ով ընկերների հետ այս օրերին քննարկում է, թե ինչքան սիրված է իշխանությունը։ Այլ բան են քննարկում։ Այս օրերին ամենատարածված արտահայտությունն ամենուր մեկն է. «Չէ եղբայր, ընտրություններով բան փոխել հնարավոր չէ»։ Բոլորս պետք է վախենանք այս արտահայտությունից, պարոնա՛յք։ Չհիմնավորված սնապարծությամբ այսօր դուք լիուլի խթանում եք, որպեսզի համատարած ընկալվի, որ քաղաքական խնդիրների լուծման ճանապարհը ոչ քաղաքական միջոցներով է միայն։ Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք։ Ասեմ, որ ես էլ եմ վախենում։
Իշխանության ղեկին լինել, առաջին հերթին նշանակում է ոչ թե կառավարել երկիրը, այլ նախ և առաջ նշանակում է կառավարել մարդկանց հույսերը։ Այդ հույսերը ոտնակոխ անելով ոչ մի լավ բանի երբեք հնարավոր չէ հասնել։ Օրինակներ երևի չբերեմ։
Հիմա։ Նոր Սահմանադրություն ընդունեցինք, որը շատ գեղեցիկ բաների մասին էր։ Հետո ունեցանք Վանաձորի ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Ոչ իշխանական ուժերը ստացան ձայների կեսից ավելին։ Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիամադիր գործիչ։ Տեսնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե՞ ոչ։ Իհարկե, դա հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետևից բավականին կազմակերպված գնում է։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես։ Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի ռեքվիեմը։ Կարծում եմ՝ այդ մասին կիմանանք շատ շուտով»։