«ՏԻՄ ընտրությունները կրել են խայտառակ կլանային բնույթ». Լևոն Զուրաբյան

Հոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ մասնակցել է նաև ՀԱԿ-ը, մասնավորապես` Գյումրիում և Վանաձորում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսքան ժամանակ ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցում, որովհետև շատ լավ հասկանում էին, որ այդ ընտրությունները կրում են կլանային բնույթ:

«Ժողովուրդը նման ընտրություններին ոչ թե քաղաքական ծրագրի օգտին է քվեարկում, այլ քվեարկում է կոնկրետ որևէ ազդեցիկ մարդու օգտին, որից ստացած է լինում կա՛մ փող, կա՛մ ծառայություն, կա՛մ խոստում, կա՛մ կենցաղային կյանքի հետ կապված բարելավում, և այլն: Բնականաբար, նման գործընթացի մեջ մենք երբեք ցանկություն չենք ունեցել մտնելու, որովհետև մենք քաղաքական, գաղափարական կուսակցություն ենք և ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ և ծրագրեր»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Ըստ նրա` այս անգամ որոշում ընդունվեց մասնակցելու ՏԻՄ ընտրություններին միայն մեկ պատճառով, որովհետև տպավորություն կար, որ համամասնական ընտրակարգով հնարավորություն է ստեղծվում ընտրությունների բնույթը փոխել, այսինքն՝ ընտրակաշառքի, փողի կլանային ընտրությունների հարթությունից տեղափոխել դեպի գաղափարական հարթություն: Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց մշտապես հաջողվել է քաղաքականացնել նախագահական, խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեները, որովհետև բոլոր այդ դեպքերում ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ խոսքը կենտրոնական իշխանության և իշխանափոխության մասին է:

Լ.Զուրաբյանի խոսքով` ընտրական տակտիկայի առումով իրենք թերագնահատել են խնդրի բարդությունը, բավականին ուշ սկսեցին ընտրարշավը: ՏԻՄ ընտրություններում տապալվելու պատճառով մանդատները վայր դնելը Լ.Զուրաբյանի համար անընդունելի է, քանի որ դա կնշանակեր՝ լեգիտիմացնել այս ընտրությունների բացարձակ անօրինական բնույթը:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ նոյեմբերին կլինի ՀԱԿ համագումարը, որի գլխավոր թեմաներից մեկը կլինի կուսակցության ռեզերվացիան, կվերանայեն կազմակերպական և ռեսուրսային հնարավորությունները, որ կարողանան արդյունքի հասնել: Ըստ նրա` չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, գլխավոր խնդիրը` ընտրակաշառքը, մնում է, իսկ ընտրակեղծարար բոլոր կուսակցություններն աճում են իրենց արվեստի մեջ, և, եթե նախորդ ընտրություններում կաշառքը բաժանվում էր «ափաշքյարա», գազելներում, բնակարաններում, այս անգամ դա արվել է շատ ավելի բարդ, գործել է «շրջապատային» կոռուպցիան, ամենակարևոր նորարարությունը եղել է այն, որ այդ կուսակցություններն ունեին ցուցակներ, թե ում են մատուցել ծառայություն, և վերահսկում էին, որ նրանք գան քվեարկեն. «Տեղի է ունեցել փողի ահավոր բաժանում, լցրել են փողը և ընտրողներին փողով են բերել քվեարկության»:

«2017-ի ընտրությունները նույնպես կփորձեն իջեցնել ՏԻՄ, կլանային ընտրության մակարդակի, բայց քանի որ խոսքը գնում է իշխանափոխության մասին, հուսով եմ, մեզ կհաջողվի  կենցաղային մակարդակից հանել գաղափարական մակարդակի:

Այս արդյունքները բացարձակապես ցուցիչ չեն կարող լինել համապետական ընտրությունների համար»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս