
Հայաստանում պահանջարկը և սպառումը մեծանում է, բնակչության դրամական միջոցներն ավելանում են. Միխայիլ Զադորնով

ՎՏԲ բանկն առաջիկայում կավարտի գործունեության հաջորդ եռամյա ծրագրի մշակումները։ ՎՏԲ 24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ, նաև հասկանալ կառավարության առաջնահերթությունները, թե որտեղ կարող է համագործակցություն ծավալվել բանկի ու կառավարության միջև, որ ոլորտներն են առավել հեռանկարային բիզնեսի զարգացման համար: Ն. Զադորնովը գոհունակություն հայտնեց մանրածախ բիզնեսի զարգացումից, որը բանկի առաջնահերթությունն է շուկայում թե՛ վարկավորման և թե՛ ավանդների ընդունման առումով:
Ըստ նրա՝ ներդրումների առումով գործարարների ոչ բավարար պատրաստակամությունը, մարդկանց եկամուտների անկումն անցել է, կա որոշակի աշխուժացում, ինչն ապրիլից հետո երևում է ամենամսյա մանրածախ վարկավորման ծավալներից:
Ն. Զադորնովը նշեց նաև, որ Ռուսաստանում տնտեսության ակտիվացումը դրական կազդի Հայաստանում արտահանումների, պահանջարկի և սպառման վրա:
168.am-ի հարցին, թե կարո՞ղ է արդյոք բանկային մանրածախ բիզնեսն ակտիվորեն զարգանալ, երբ մանրածախ առևտրում շարունակվում է անկումը, Ն. Զադորնովը պատասխանեց, որ իրենց դիտարկումներով՝ Հայաստանում պահանջարկը և սպառումը մեծանում է, բնակչության դրամական միջոցներն ավելանում են, դրա վկայությունն է վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի աճը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում դեռևս լիովին չի գիտակցվել դեֆլյացիան, որը դեռ մոտ 1 տարի կշարունակվի։
Ն. Զադորնովի խոսքով՝ հաջորդ տարի ակնկալվում է որոշակի տնտեսական աճ, որը կհանգեցնի սպառման և վարկավորման ծավալների է՛լ ավելի ավելացման։ Նա նկատեց, որ եթե չկա մեծ սպառում, դա նշանակում է, որ կա խնայողության աճ և ավանդների պրոդուկտների առաջարկները պետք է մեծացնել. «Այսինքն՝ յուրաքանչյուր փուլում մենք պետք է մեր հաճախորդներին համապատասխան պրոդուկտներ առաջարկենք և դրանք ընդլայնենք»։
Նա նշեց, որ մանրածախ պորտֆելի ցուցանիշներով բանկը զգալիորեն գերակատարել է պլանը, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցել է անցած տարվա արդյունքները: 2016 թ. 8 ամսվա համար պլանը գերակատարվել է գրեթե 3 անգամ՝ -1 մլրդ դրամի փոխարեն փաստացի շահույթը կազմել է +560 մլն դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսևի խոսքով՝ բանկային համակարգի աճը պայմանավորվում է երկի տնտեսության աճով, և իրենց խնդիրն է աջակցել տնտեսության զարգացմանը. «Նախորդ երկու տարին բարենպաստ չէին, բայց արդեն, մեր կարծիքով, սկսվում է դրական ընթացք։ Դա է վկայում վարկերի վերադարձելության աճը, բանկի դեպքում այն վերադարձել է 2013 թ. ցուցանիշին, անհուսալի վարկերը 5% են կազմում։ Բանկի խնդիրն է վերակառուցել և վերադարձնել պարտքերը»։
Նա նշեց, որ, օրինակ, Ռուսաստանում խնդրահարույց վարկերի թիվը դեռ շարունակում է աճել, հավանաբար մեկ տարի հետո միայն իրավիճակը կսկսվի փոխվել, իսկ դրական դինամիկա արդեն կա Վրաստանում։