Սա շատ-շատ վտանգավոր ռեֆորմ է. Աշոտ Խուրշուդյանը՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է։ Ա. Խուրշուդյանը գրել է.
«Որոշել էի դադար վերցնել ու չանդրադառնալ նոր կառավարության գործունեությանը, բայց այստեղ ասում եմ ՍՏՈՊ ու զգույշ։
1/ Ապահովագրություն՝ նշանակում է ծառայության գների կտրուկ աճ
2/ նախարարն առաջարկում է այդ ծախսը հետաձգել, 5-10 տարի փող կուտակել, որ համակարգը հետո աշխատի։
Ոչ ֆորմալ աշխատող համակարգը փոխարինելու ենք ֆորմալ չաշխատող համակարգով։ Այսպիսի բան անելը այնպիսի զգուշություն է պահանջում, որ առաջարկում եմ այդ 5 տարին քննարկել, ծամել, նոր հետո փորձել ներդնել։
Սա շատ-շատ վտանգավոր ռեֆորմ է, որի մասին կարող ենք խոսել միայն, երբ զբաղվածությունը 90 տոկոսից բարձր լինի»։
Մեկնաբանության մեջ փորձագետը կարծիք է հայտնել, որ նախարարի դիրքորոշումը միգուցե ավելի շուտ ոլորտային աշխարհայացքի արդյունք է, այլապես հենց առաջին օրերին այս մասին չէր խոսի։
«Ինքը երևի հավատում է, որ հնարավոր է։ Երկու բան հաշվի չի առել.
1/ Կենսաթոշակային դեպքում /որն էլ ըստ էության ծերության ապահովագրություն է/ գործազուրկներին տրվում է նվազագույն կենսաթոշակ
2/ ԱՊՊԱ-ի դեպքում ապահովագրությունը վերաբերում է միայն ավտոմեքենաների սեփականատերերին և ռիսկը կառավարելի է /պլյուս վերևից սահմանափակում կա/
Իսկ առողջության դեպքում չես կարող ոչ վերին սահմանափակում դնել /թանկը չենք բուժում, միայն էժանը/, ոչ էլ գործազուրկներին ասես, որ իրենք փաթեթից դուրս են /Սահմանադրությամբ սոցիալական երկիր ենք ի վերջո/»,- գրել է տնտեսագետը։