Պահպանել «Ամենակարող երգիչ»-ը՝ հանուն ռեքվիեմի անաղարտության

Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ բարձրացած ընդզվման ալիքը հասկանալի է, տեղին է ու ողջունելի։

Ու այդպիսին լինելով՝ ցույց է տալիս, թե իրականում որքան ազդեցիկ կարող է լինել մտավորականի խոսքը, եթե մտավորականը ոչ թե պալատական է ու պատվերերգու, այլ մտավորական է՝ ըստ ամենայնի ու ըստ էության։ Ու չնայած բողոքի այդ ալիքը սկսվել է ինչ-որ ստորագրահավաքով, հասկանալի է՝ այն ստացավ այս տեսքն ու ընդգրկումը հատկապես Հասմիկ Պապյանի խոսքից հետո, որը ոչ թե ուղղակի երգարվեստի հետ կապ ունեցող մարդու խոսք էր, ու այդպիսին լինելով՝ պրոֆեսիոնալ կարծիք, այլ մտավորականի ցասում էր, ինչի ընդգրկման շրջանակը շատ ավելի լայն է, քան արվեստի՝ առանձին վերցրած  ճյուղը։

Որքան էլ ոչ այնքան հայեցի անվանումով հայտնի ու տակավին ոչ երաժիշտ մտածողը դա համարում էր արվեստներից ամենակատարյալը։  Այսպիսով մի մտավորականի ճշմարիտ խոսքը կարող է անել ավելին, քան ամիսներով գրված ու վերլուծված, արտագրված ու վերաշարադրված տեքստերը, ելույթներն ու հանրային՝ պետպատվերի իմաստով հանրային ուղերձները։ Որովհետև բոլոր դրանք, որ բանականության արդյունք են, հաճախ իրենց հակաբանականությամբ խնդիրն ավելի անլուծելի են դարձնում։ Հասմիկ  Պապյանի պարագան այնպիսիներից էր, որ խոսքը ոչ միայն, իսկ հնարավոր է՝ ոչ այնքան բանականության, որքան ապրումի, զգացումի, հոգու ծնունդ էր, ու այդպիսով՝ ավելի լսելի։ Դրա համար երևի նաև հանրությունն արձագանքեց նույնքան զգացմունքային ու պատրաստակամ։

Բայց այս արձագանքումը՝ իր ամենայն դրականությամբ, ունի նաև եթե ոչ՝ բացասականություն, ապա՝ կիսատություն, անավարտություն ու հատվածականություն, ու այդպիսին լինելով՝ ակամայից ծառայում է նույն այն իշխանական-պետական համակարգին, որի քաղաքակրթական ճաշակի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետևանքն է ռաբիսն աստվածացնող ու այդպիսով հակաաստվածային նախագիծը։  Նախագծի հեղինակների կրոնական համոզմունքներին տեղյակ չլինելով՝ պարտավոր ենք արձանագրել, որ գոնե քրիստոնյաներիս համար մեկ ամենակարող կա, և անվանման ընտրությունը հիմնավորող որևէ ճամարտակություն այս դեպքում չի կարող ընդունելի լինել։

Հանրային հեռուստատեսությունը հանրությանը ծառայություններ մատուցող կառույց է, ինչպես Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը կամ Ջրային տնտեսության կոմիտեն։ Կառույց է, որին մենք վճարում ենք որակյալ ծառայություն ստանալու համար, որը հանրային հեռուստաընկերություններին ներկայացվող միջազգային պահանջներով, բայց առաջին հերթին՝ ողջամիտ ընկալմամբ պետք է լինի հասարակության մշակութային, քաղաքակրթական հենքը բարձրացնող, եթե անգամ չբարձրացնող, գոնե անդառնալիորեն չիջեցնող կառույց։ Հիմա այդ կառույցը՝ Հ1-ը, չի բավարարում իրեն ներկայացվող ֆորմալ և հանրային ոչ ֆորմալ կարևոր պահանջին, և հանրության որակյալ հատվածն ընդվզում է։ Շատ ողջունելի է ու հուսադրող։ Առանց հեգնանքի կաթիլի իսկ։ Բայց որքան ողջունելի է, այնքան խնդրահարույց է, ու որքան խնդրահարույց է, այնքան՝ հարցածին։

Իսկ մի՞թե մենք որակյալ ծառայություններ ենք ստանում պետական կամ պետական-հանրային մյուս կառույցներից ու ինստիտուտներից։ Արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ որակյալ ծառայություն է մատուցում՝ որպես արդար ու ազատ ընտրությունների կազմակերպիչ։ Արդյո՞ք Ոստիկանությունը բոլորիս պաշտպանն ու պահապանն է, ինչպես ներկայանում է գովազդային հոլովակներում, թե՞ նաև մարգինալ խմբերի՝ ոչ միայն հանրության վերին շերտերի, այլ նաև կքանստած ենթաշերտի պաշտպանն է հանցավոր տարածություններում։

Արդյո՞ք Տրանսպորտի և կապի ու վերանվանված չգիտեմ ինչի նախարարության՝ ճանապարհասպասարկման ծառայության որակն է մեզ բավարարում, կամ փռված ասֆալտի չափորոշիչներից երջանկանո՞ւմ ենք այնքան, որքան եվրոպական մայրուղիներով երթևեկելիս։ Թե՞ շաբաթը մեկ զարմանքի  ու հիացմունքի պահեր ենք ապրում՝ լսելով արդարամիտ դատարանի կայացրած վճիռները՝ մեղավորներին պատժելու ու անմեղներին արդարացնելու մասին, եթե մեղավորը հանրապետական է, իսկ արդարացվողը որևէ մարզպետորդի չէ։

Իսկ գուցե մեր ազգային ինքնագնահատակա՞նն է վերամբարձ թռիչքներ ապրում, երբ ՄԱԿ-ում լսում ենք արտգործնախարարի կոտրատված անգլերենով ելույթը ռուսական շահերի պաշտպանության մասին, թե՞ համաշխարհային ազգի զավակ լինելու բացառիկությունից ենք  ալեկոծվում, երբ մեր ինքնիշխան երկրի նախագահը շնորհավորում է այլ երկրի մայրաքաղաքի ղեկավարին կամ վարչապետին։

Այս հարցերի շարքը կարելի է շարունակել այնքան անվերջ, որքան՝ դատելով հանրային ցասումից, շարունակվելու է Հանրային կոչվող այդ զվարճասերների հեռուստատեսության նախագծի դեմ ստորագրահավաքը։

Բայց բոլոր նշված ու չնշված հարցերը հանգում են այնքան ակնհայտ իրողության, որքան այդ նախագծում երգողների ձայնի ֆալշն է։ Իսկ իրողությունն այդ այն մասին է, որ մենք ապրում ենք ռաբիս երկրում՝ երկրի ամենահամընդգկուն իմաստով, ապրում ենք պետությունում, որի բոլոր ինստիտուտներն ու կառույցներն իրենց ծառայությունները մատուցում են 6/8 մակարդակով։ Հանրային չլսվող ընդվզումները վերափոխելով իրենց բարձրաձայն կլկլոցների, որոնք հնչում են ոչ թե մինորների ու մաժորների տեսքով, այլ գողացված փողով ու թալանված պետական ու հասարակական ռեսուրսով։

Մենք ապրում ենք պետությունում, որը ղեկավարվում է հարսանիքի ռաբիս ու տափակ թամադայի մակարդակով, որին հանդուրժում են՝ հարգելով նորապսակներին, բայց հայհոյում են՝ հարգելով սեփական անձն ու ունկը։ Մենք նույնպիսի վարքագիծ ենք դրսևորում՝ մասնակցելով այս համապետական հարսանիքին, որում հնչած երաժշտությունը, որն ավելի ռաբիս է, քան Սպիտակցի Հայկոյի երգը, ու ավելի ողբերգական, քան հայտնի ռեքվիեմներից ամենաողբերգականը, ահա այդ հարսանիքում մենք հարգում ենք նորապսակին՝ միաժամանակ չհարգելով ինքներս մեզ ու մեր ունկը, որը տվյալ դեպքում մեր կյանքն է՝ ամբողջության մեջ ու հատվածաբար։

Հ1-ում ռաբիսը կդադարի այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա գոնե Կոնսերվատորիայի միջակ ուսանողի էտյուդային մինորի մակարդակով կառավարվող պետություն։ Իսկ քանի դեռ այդպիսին չի դարձել, Հ1-ով այդ նախագծի հեռարձակման դադարեցումն անգամ ծառայելու է ավելի վատ նպատակի, քան կարող է թվալ ընդվզողներին։

Այն լռելու է առժամանակ, որպեսզի ավելի բարձր հնչի համապետական ռաբիսը, որի հաղթողն ամենակարող է դառնում կամ իրեն զգում ամենևին՝ ոչ ռաբիս, այլ ավելի շատ՝ քանթրի ժանրի երգարվեստի բնագավառում, որը ոչ թե երաժշտության ոճ է, այլ դատելով անվանումից՝ երկրայուրացման ակտ։

Ու եթե որպես հանրություն՝ մենք չենք կարողանալու գտնել ձևը՝ պայքարելու այս գլոբալ ռաբիսի դեմ, ավելի ազնիվ է նախաձեռնել ակցիա՝ «Ամենակարող երգիչ» նախագծի շարունակականությունն ու բարգավաճումն ապահովելու պահանջով։ Այդպես կլինի ավելի ազնիվ, ու երաժշտությունը, որ կհնչի Հանրային եթերից, կլինի ավելի համարժեք այն կյանքին, որով ապրում ենք բոլորս։ Ու ավելի համարժեք կլինի ռեքվիեմը, որը չեն լսում կեղծ մեռելներին թաղելիս ու լսում են հատկապես այն ժամանակ, երբ հավաստիանում են հանգուցյալի վախճանի հարցում։ «Ամենակարող երգիչը» Հայաստանի վախճանի բազմաթիվ հավաստիքներից մեկն է,  որի դեմ պետք չէ պայքարել, եթե չենք պայքարում ընդդեմ մյուս՝ ավելի խորքային հավաստիքների ու հավաստողների։

Տեսանյութեր

Լրահոս