Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացողը գյուղը
Բերձորից 45 կմ հեռավորության վրա գտնվող Հերիկ գյուղում աշակերտներն արդեն նորակառույց դպրոցում են սովորում։ «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով կառուցված դպրոցը նպաստել է գյուղում նոր ընտանիքների վերաբնակեցման որոշում կայացնելուն։ Ներկայացնում ենք արցախաբնակ Թամարա Գրիգորյանի ծավալուն հոդվածը գյուղի անցուդարձի վերաբերյալ։
Գյուղի մասին
Հերիկ գյուղը Մոշաթաղ եւ Բերդիկ գյուղերի հետ մտնում է Մոշաթաղ համայնքի մեջ: Հերիկը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ, 1991-92 թթ.: Գյուղի վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում եղել է 30 տնտեսություն: Վերաբնակեցումից հետո դեռ մի քանի տարի գյուղում էլեկտրականություն չի եղել, Հերիկ գյուղի երեխաները դպրոց չեն ունեցել:
Մի անգամ դատարկված ու նորից վերաբնակեցված Հերիկը
Էլեկտրականության, դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Թվում էր, թե գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն գյուղին վիճակված էր ապրել ու վերածնվել. գյուղում միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը, թույլ չեն տվել տներին ավերվել: Եվ այդ տները պետք է մի օր ծառայեին նոր վերաբնակիչներին:
2009-2010 թթ. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարության հատուկ որոշմամբ Հերիկն սկսվել է կրկին վերաբնակեցվել: Այստեղ տեղափոխվել են մի քանի ընտանիքներ, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ:
«Հայրենասեր»-ի կողմից կառուցված դպրոցը՝ գյուղի զարգացման գրավական
Որոշ տարրական պայմաններով ապահովվելուց հետո էլ, սակայն, գյուղում առաջնային էր մնում դպրոցի հարցը: Հերիկ գյուղի երեխաները դասերն անց էին կացնում կիսախարխուլ ու խոնավ մի տան մեջ: Ծնողներն ամեն օր մտածում էին երեխաներին օր առաջ այդ դպրոցից, հետեւաբար՝ գյուղից հեռացնելու մասին: Շատ ընտանիքներ խուսափում էին վերաբնակվել Հերիկում՝ հաշվի առնելով հենց դպրոցի անմխիթար վիճակը:
Համայնքապետ Սիրակ Սողոմոնյանի խոսքով, շատերն էին թերահավատորեն նայում այն շենքի ավերակին, որը նախատեսվում էր վերակառուցել որպես նոր ու ժամանակակից դպրոց: Շատերը չէին հավատում ծրագրի հնարավոր լինելուն. ծրագրին, սակայն, հավատացին «Հայրենասեր» կազմակերպությունն ու իր նվիրատուները: Մի քանի ամսվա մեջ հնարավոր եղավ ավերակը վերածել հարմարավետ ու մաքուր դպրոցի: Այսօր արդեն նոր ընտանիքներ են գալիս գյուղ՝ հաշվի առնելով դպրոցի առկայությունը: «Սեպտեմբերի մեկին, մի ընտանիք տեղափոխվեց մեզ մոտ, երեք երեխա ունեն: Թուֆենկյան հիմնադրամն էլ որոշել է մեր գյուղում մի քանի բնակելի տներ կառուցել՝ հաշվի առնելով այն, որ մեր գյուղում արդեն ժամանակակից ու բարեկարգ դպրոց կա»,-տեղեկացրեց Սիրակ Սողոմոնյանը:
Հերիկում կառուցված դպրոցն այսօր դարձել է գյուղի լինելիության, զարգացման ու կայացման գրավականը:
Հերիկն այսօր
Հերիկում այսօր 12 տնտեսություն կա: Գյուղն այսօր լիահույս է ապագայի հանդեպ: Ծնողը տեսնելով իր երեխայի համար կառուցված դպրոցը, այլեւս չի մտածում նրան որեւէ տեղ տեղափոխելու մասին: Երեխան էլ այսօր մեծ ուրախությամբ է գնում մաքուր ու բարեկարգ, դեռեւս նախորդ տարի միայն երազանք թվացող դպրոց:
Գյուղի բնակիչները, ենթակառուցվածքների առկայության դեպքում, պատրաստ են ապրել ու աշխատել Հերիկում: Գյուղի դիրքը թույլ է տալիս մեծ ծավալով ցորեն, գարի մշակել, ինչով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են:
Այսօր նաեւ բարեկարգվում են գյուղի ճանապարհները: Համայնքապետն ասում է, որ ճանապարհների բարեկարգման ընթացքում մի քանի խաչքարեր են հայտնաբերել, որոնք տեղափոխվել են գյուղում գոյություն ունեցող միջնադարյան եկեղեցու բակ:
Հերիկն ազատագրվել է հայ ազատամարտիկի կյանքի գնով, հայրենիքի այս հողակտորը սրբագործված է հայ զինվորի արյունով: Հերիկցիները սա քաջ են գիտակցում: Հենց այդ պատճառով ապրիլյան առաջին օրերին նրանք առաջիններից էին, որ մոռանալով տուն ու աշխատանք՝ կամավոր շտապեցին սահման: «Իհարկե, առաջինն ենք մեկնել, միայն Հերիկից 6-7, իսկ մեր ամբողջ համայնքից միասին՝ մոտ 45 հոգի մեկնել են առաջնագիծ ու ակտիվորեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Մեկնել ենք, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու ենք այստեղ ապրում», հպարտորեն ասում է համայնքապետ Սիրա կ Սողոմոնյանը:
Նրա ձայնի մեջ վստահություն ու ուրախություն է զգացվում. համայնքապետն իսկապես ուրախ է կառուցված դպրոցի համար, ուրախ է, որ Հերիկ գյուղն այսուհետ ապրելու է լիարժեք կյանքով, ուրախ է, որ իր համայնքից ոչ թե մարդիկ հեռանալու են ու հեռացնեն իրենց երեխաներին, այլ ձգտելու են իրենց երեխաներին բերել այստեղ՝ մաքուր ու հարմարավետ դպրոցում սովորելու:
Հերիկն արժանի է լավագույն ապագայի եւ կունենա այն:
Թամարա Գրիգորյան
«Հայրենասեր» կազմակերպություն