Ռուսաստանը «Լավրովի պլան» էր առաջ մղում, բայց իրավիճակ է փոխվել. Դավիթ Շահնազարյան
«Մի բան հասկանանք, որ Ռուսաստանը համաձայն է ամեն ինչի, բացի կարգավորումից»,- այս մասին այսօր Կովկասի ինստիտուտում Ֆրիդրիխ Նաումանի
անվան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի անկախության 25 տարին. քաղված դասերը» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Շահնազարյանը, ի թիվս անկախության ձեռքբերման որոշ դրվագների, անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ ապրիլյան պատերազմի եզրակացություններից մեկն այն է, որ, չնայած այն հանգամանքին, որ ռազմատեխնիկական, ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև խախտված է, այդ դիսբալանսը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը զենքի ուժով կարողանա հարցեր լուծել։ «Ադրբեջանը միայնակ՝ առանց իր իրական ռազմավարական դաշնակցի, նման քայլի չէր դիմի, խոսքը Ռուսաստանի մասին է։
«Լավրովի պլան» պետք է իրականացվեր, որի հիմնական նպատակը ռուս խաղաղապահների տեղակայումն էր, այսինքն՝ պետք է վերադառնայինք 1988թ.՝ Հայաստանը պետք է միացնեին Ռուսաստանին, ծայրահեղացված եմ ասում, կներեք, Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ ռուսական զորքեր լինեն։ Մոտավորապես այս սցենարներն էին առաջ մղում կամաց-կամաց։ Ես կարծում եմ, որ ներկայումս իրավիճակը փոխվել է, և այդ փոփոխությունները հիմնականում աշխարհաքաղաքական իրավիճակից են բխում։
Պարզ է, որ այս տարածաշրջանը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի անընդհատ տևող բանակցությունների կենտրոնում, քննարկվում է, ոչ միայն Սիրիան ու Ուկրաինան են քննարկվում, սա էլ է քննարկվում։ Ուշադրություն դարձրեք դեսպան Ուորլիքի վերջին հարցազրույցին, որում նա տվել էր կարգավորման ԱՄՆ-ի բանաձևը, սա ասվում է արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ՝ ապրիլի 16-ին, եթե չեմ սխալվում, նման բանաձև հայտնվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում, տվել է բանաձևը. կարգավիճակ՝ տարածքների դիմաց։ Ոչ թե ժամանակավոր կարգավիճակ, այլ շատ հստակ ասվել է։ Մի բան էլ հասկանանք, որ Ռուսաստանը համաձայն է ամեն ինչի, բացի կարգավորումից»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։