Լճաշենում նոր հայտնաբերումներ կան
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հարավարեւմտյան հատվածում պահպանված հնագույն բերդ-ամրոցի ավերակների տարածքում այս տարվա սեպտեմբերի 10-ից հնագիտական պեղումներ է իրականացնում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, որը գլխավորում է հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հնավայրում տեղեկացրեց հնագիտական պեղումների պատասխանատու, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ գիտաշխատող Լեւոն Մկրտչյանը, անցած 13 օրում 12 հոգուց բաղկացած արշավախումբը կարողացել է բացառապես ձեռքի աշխատանքով հողի հսկայական շերտից մաքրել եւ բացել բերդ-ամրոցի գլխավոր միջնաբերդի մուտքի աջ Ս շտարակն ամբողջությամբ, ինչպես նաեւ կից պարսպի ներսի ու դրսի ճակատային ու վերին մասերը:
«Պատի աջ եւ ձախ մասերում բացված շերտերից հայտնաբերված հնագիտական նյութերը փաստում են, որ հնավայրն ակտիվորեն գործել է հազարամյակներ շարունակ: Մենք հողի շերտից ամբողջովին մաքրել ու բացել ենք մուտքին կից պարիսպը 20 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ: Դրսի պատի ճակատային հատվածում նկատվել է հնագիտական շերտ, որը, դատելով գտնված նյութերից, թվագրվում է ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերով: Նույն արտաքին պատի ստորին հատվածում նկատվել է ուրիշ պարսպի հիմնաքարերի շարվածք, որտեղից դուրս ենք բերել վանակատե, ոսկրե գործիքներ, սեւով փայլեցված խեցեղեն:
Այս ամրոցի վաղագույն շրջանի կառուցվածքը պատկերացնելու համար շատ կարեւոր էր այս պեղումը, քանի որ պարսպի արտաքին պատի ստորին մասում բացված նոր հիմնապատը պարսպին զուգահեռ է դրված, որով էլ հաստատվում է, որ բարձունքից մինչեւ ստորոտ միջնաբերդն ունեցել է եւս 3 աստիճանաձեւ պարիսպ: Պարիսպները հիմնականում ունեն 1,5-2 մետր, առանձին տեղերում՝ ավելի քան 3 մետր լայնություն: Դրանք շարված են հսկայական քարաբեկորներով, իսկ պատերի մեջ լցված են ավելի մանր քարեր՝ առանց շաղախի օգտագործման:
Միջնաբերդի պարսպի ներքին պատին կից գտնվել է 7 մետր լայնություն ու նեցող մի սենյակի պատ, որտեղից հայտնաբերվել են թոնիր, կենցաղային խեցեղենի բեկորներ եւ կավից պատրաստված ծանրոց-կախիկներ, իսկ պարսպի վերին շերտից գտնվել է ամբողջական պահպանված երկաթե նետասլաք»,- ներկայացրեց Լեւոն Մկրտչյանը:
Ըստ հնագետի՝ Լճաշենի բերդ -ամրոցը, որը, ըստ նախկինում այստեղ պեղումներ իրականացրած հնագետների, կառուցվել է մոտ 5 հազար տարի առաջ եւ տարածվել է մոտ 500 հեկտարի վրա, ունեցել է 6 միջնաբերդ, որոնք ամրացված են եղել հսկայական պարիսպներով: Դրանցից պեղվել է միայն առաջին միջնաբերդը, որտեղ նկատվել է Վանի թագավորության քաղաքաշին ությանը բնորոշ որմնահեծերի եւ աշտարակների կառուցապատում: Իսկ ահա մնացած 5 միջնաբերդերն էլ կիկլոպյան տիպի են, շատ ավելի վաղ ժամանակներում կառուցված:
Լճաշենում պահպանվում է Վանի թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, որով նա հաստատում է Իշտիկունի ամրոցի եւ բնակավայրի գրավման մասին: «Սա մի հսկայական բերդ-համալիր է, որտեղ ապրել են բազմաթիվ մարդիկ ու սերունդներ: Իշտիկունի-Լճաշենը գտնվում է դեպի Արարատյան դաշտավայր տանող հանգույցում, այն եղել է Սեւանի ավազանի վարչական կենտրոնը: Այս հսկայական բերդ-շենն էլ պատմությանը թողել է համաշխարհային նշանակության հսկայական դամբարանադաշտը, որտեղից տարբեր ժամանակներում հնագետները դուրս են բերել մեր պատմության ու մշակույթի համար կարեւորագույն բազմաթիվ ու մեծագույն արժեքներ:
Այս խոշոր հնավայրի գաղտնիքներն ամբողջովին բացահայտելու համար դեռեւս մեր հնագիտական միտքը երկար ջանքեր պետք է թափի, մեր երկիրը՝ լուրջ միջոցներ ներդնի: Այս տարվա պեղումները մենք կատարել ենք հիմնականում պարսպի եւ աշտարակի վերականգնման նպատակով: Կարծում եմ, մեր աշխատանքները մենք կշարունակենք նաեւ եկող տարի՝ հայտնաբերելով հնագիտական նոր արժեքներ, սերունդների առջեւ բացելով դարերի մեջ թաղված գաղտնիքները, հնագույն, հին ու միջնադարյան Հայաստանի ժողովրդի կերտած հարուստ մշակութային ժառանգությունը»,-ամփոփեց հնագետը:
Արշավախմբի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի գիտաշխատող Արման Նալբանդյանը: Հնագիտական պեղումները Լճաշենում կավարտվեն սեպտեմբերի 24-ին:
Խոսրով Խլղաթյան