Երբ կցուցադրվի հայկական արտադրության «Իսկանդերը»

Սեպտեմբերի 21-ի զորահանդեսը տպավորիչ էր, լավ էր կազմակերպված, կարևոր էր ու վստահաբար կծառայի այն նպատակին կամ նպատակներին, որոնք դրվում են նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման ժամանակ։ Որո՞նք են այդ նպատակները՝ ասվել է շատ, ավելին երևի չարժե ծավալվել։ Այո, զորահանդեսը ստացված էր, զինատեսակները նաև 2000-ականների էին, իսկ «Իսկանդերը» շքերթի զարդն էր ու բոլորի  ուրախության առարկան։ Սեպտեմբերի 21-ի մթնոլորտը կարելի է ու պետք է համարել տոնականության բնականոն, թերևս, նաև անհրաժեշտ արտահայտություն։

Միաժամանակ անկարելի է չարձանագրել, որ այդ մթնոլորտի ու ոգևորության վերածումը պետական, ռազմական ու քաղաքական դիրքորոշման, ինչն արդեն զգացվում է, նույնքան անթույլատրելի է, որքան «Իսկանդերի» չցուցադրումն ապրիլյան պատերազմից հետո։

Սպառազինված բանակը, ժամանակակից զինատեսակներով հագեցած Զինված ուժերը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ու պաշտպանունակության կարևորագույն, հնարավոր է՝ առաջնային բաղկացուցիչն են, և լավ է, որ գոնե ապրիլյան պատերազմից հետո այդ համակարգում ակնհայտ դարձած հանցավոր թերությունները վերացվում են։

Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պայմանավորել միայն զենքով ու ֆետիշացնել մուսուլմանական անվանումներով մետաղաձուլվածքները, նշանակում է՝ մտածողությամբ գտնվել 17-18-րդ դարերում կամ ավելի վաղ շրջանում, երբ պետությունների հզորությունը պայմանավորվում էր միայն զենքով, կամ ավելի շատ զենքով, կամ ավելի լավ զենքով։

Ժամանակակից աշխարհակարգի առանձնահատկությունն այն է, որ միայն զենք ունենալը բավարար չէ այդ զենքը կիրառելու ու, որ ավելի կարևոր է՝ կիրառածի քաղաքական հետևանքներն աշխարհին ընդունելի դարձնելու ու աշխարհին այդ հետևանքների հետ հաշվի նստել պարտադրելու համար։

Ժամանակակից աշխարհակարգի առանձնահատկությունն այն է, այդպիսով, որ պատերազմներում հաղթելու ու չպարտվելու, իսկ որ ավելի կարևոր է՝ առանց պատերազմի չպարտվելու համար պետք է ունենալ «Իսկանդերի» հզորությամբ կենսունակ պետական կառավարման համակարգ, որն աշխատում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի գերճշգրիտ  մեխանիզմով ու անխոցելի է դարձնում պետությունը գոնե «С-300» համակարգերի մակարդակով։

Ժամանակակից աշխարհակարգի առանձնահատկությունն այն է նաև, որ  պետական կառավարման համակարգից ամենակայացածն ու ամենաիսկանդերակերպը պետք է լինի դիվանագիտությունը, որն աշխարհին քաղաքավարի կհիշեցնի մեր զինանոցում «Իսկանդերի» առկայության մասին ու աշխարհի կողմից այդ հիշեցման ընկալումը կկարողանա դարձնել այնպիսին, որ դրա օգտագործումը որակվի ոչ թե՝  որպես հարևանի բնաջնջում կամ ագրեսիա, այլ՝ համաշխարհային անվտանգության դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով կատարված ծայրահեղ, բայց աշխարհանպաստ քայլ։

Քանի որ ու քանի դեռ մենք չունենք նման դիվանագիտություն, ոգևորությունը պետք է սկսվի ու ավարտվի զորահանդեսի հետ, հակառակ դեպքում՝ այն կբթացնի գիտակցությունն ու հիշողությունն այն մասին, թե ովքե՞ր և ո՞ւմ համար են իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ու ո՞ւմ համար է նրանց այդ գործունեությունն ունենում «Իսկանդերի» նշանակություն։

Այլ կերպ ասած, ոգևորությունն ու հզորության մասին սեպտեմբերքսանմեկյա ինքնագնահատականը կլինի համարժեք ու չչափազանցված այն ժամանակ, երբ Հանրապետության հրապարակով կանցնեն ոչ միայն՝ պայծառ հայացքներով ու Հայրենիքին իրապես ծառայելու պատրաստ կեցվածքով շարքային զինվորներն ու սպաները, այլև՝ բարձրաստիճան դիվանագետները, ու ոչ թե՝ զենքով, այլ՝ մտքով Հայրենիքը պաշտպանելու պատրաստ, ու ոչ միայն՝ պատրաստ, այլ նաև՝ ունակ, ոչ միայն՝ ունակ, այլ նաև՝ հայաստանածին ու հայաստանասպասարկ պաշտոնյաները։

Դա կլինի հայկական արտադրության շատ ավելի հզոր «Իսկանդեր», քան այն պլպլանները, որ սեպտեմբերի 21-ին անցում էին Հանրապետության հրապարակով, ու հայտնի չէր, թե որտեղից են գալիս և ուր են գնում։

Պատկերավոր արտահայտությամբ կամ փոխաբերական իմաստով, բնականաբար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս