«Եթե ասում ենք՝ հայտնաբերվել է 3000 մոլորակ, ուրեմն իմացեք, որ 300 հազար մոլորակ էլ դեռ հայտնաբերված չէ». հայ աստղաֆիզիկոսի սենսացիոն բացահայտումը
Աստղաֆիզիկայի ինստիտուտի (Իսպանիա) աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը Համահայկական գիտական համաժողովի ընթացքում «Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ» թեմայով զեկույցի ընթացքում ասաց, որ այդ թեման այսօր աստղագիտության մեջ ամենաֆինանսավորվողներից է, քանի որ բոլորն ուզում են իմանալ՝ մենա՞կ ենք Տիեզերքում, թե՞ էլի ինչ-որ էակներ կան։
«Մոլորակների մասին մարդկությունը վաղուց գիտի։ Մոլորակ՝ նշանակում է՝ մոլորված, այսինքն՝ մի օբյեկտ, որը երկնակամարում իր տեղը չի գտնում։ Բոլոր աստղերը շարժվում են մի ուղղությամբ, բայց այս օբյեկտները հետ ու առաջ են գնում։ Աստղադիտակների զարգացումից հետո գտնվեցին մի քանի միջմոլորակներ, օրինակ՝ Պլուտոն մոլորակը գտնվեց 1930թ., ու դրանից հետո այս ուղղությունը կանգ առավ։ Դրանից հետո, ի վերջո, 1996թ.-ին գտնվեց Արեգակնային համակարգից դուրս առաջին մոլորակը»,- ասաց աստղաֆիզիկոսը՝ մեջբերելով երրորդ դարի հույն փիլիսոփա Էպիկուրին (մ.թ.ա..342/341 թթ., Սամոս – մ.թ.ա. 271/270 թթ., Աթենք), որն ասել է՝ Տիեզերքն անվերջ է, բայց ոչ միայն ատոմների թիվն է անվերջ, այլ նաև աշխարհների, որոնք գտնվում են Տիեզերքում. անթիվ աշխարհներ կան ու բոլորն իրարից տարբերվում են։
«Ապշելու է, երբ երրորդ դարի փիլիսոփան նման ճշգրիտ ձևով է արտահայտվել Տիեզերքում մոլորակների գոյության մասին, երբ նույնիսկ չգիտեին՝ երկրագունդը մոլորա՞կ է, թե՞ ոչ։ Ջորդանո Բրունոն 12 դար հետո նույն բանը կրկնեց։ Դրանից էլ անցավ ևս 400 տարի, և աստղադիտակով առաջին անգամ սկսեցին դիտել Օրիոնում դիսկային ստրուկտուրաներ, որոնք այն տեղն են, որտեղ մոլորակներն են առաջանում»,- ասաց նա։
Իսկ միջազգային աստղաֆիզիկայում, Գ. Իսրաելյանի խոսքով՝ մոլորակը սահմանվում է՝ որպես մի օբյեկտ, որը պտտվում է աստղի շուրջ. «Եթե օբյեկտի զանգվածն այնքան փոքր է, որ դեյտերիումի սինթեզը կենտրոնում չի կատարվում, ապա դրանք կոչում ենք՝ «Գորշ թզուկներ», եթե զանգվածը մեծ է, ապա մոլորակ է։ Այդ մոլորակներն անպայման պետք է առաջանան աստղի շուրջ գտնվող դիսկի մեջ, եթե ուրիշ տեղ են առաջանում, ապա մոլորակ չեն։ Բայց կարող են նաև ուրիշ տեղ առաջանալ»։
Աստղաֆիզիկոսը նշեց, որ երեկվա դրությամբ՝ արդեն հայտնի է 2951 մոլորակ.
«Դրանցից 595-ը մի քանի մոլորակային համակարգեր են. աստղի շուրջը մի քանի մոլորակներ կան, այսինքն՝ արեգակնային համակարգի պատճենները սկսում ենք գտնել։ Մոտ 2500 աստղեր կան, որոնց շուրջը կասկածում ենք մոլորակների գոյություն, երբ գտնենք՝ կտեսնենք։ Այս ամենից կարելի է անել մի եզրակացություն՝ բոլոր աստղերը մոլորակային համակարգեր ունեն, իսկ գալակտիկայում շատ քիչ կլինեն աստղեր, որ մոլորակ չունեն։ 100-400 մլրդ աստղ ունենք։ Բայց նաև կան մոլորակներ, որոնք աստղերի շուրջ չեն, դրանք կոչվում են ազատ մոլորակներ։ Թե դրանք ինչպե՞ս են առաջացել՝ մենք չգիտենք։ Ըստ երևույթին՝ աստղառաջացման պրոցեսի նման, որ գրավիտացիոն կոլապսով աստղերն են առաջանում՝ գազը սեղմվում է ու աստղ է դառնում, սա ինչ-որ մասսայի բաշխումն է, բայց թե ամբողջ մասսան որտեղ է զետեղվում, մենք չգիտենք։ Շատ հնարավոր է, որ մենք կարող ենք այդ նույն մեխանիզմով մոլորակներ առաջացնել, ու այդ մոլորակների շուրջ աստղ չի լինի»։
Բայց Երկրի նման մոլորակ ստեղծելու համար, ըստ աստղաֆիզիկոսի՝ հատուկ ֆիզիկա պետք է աշխատի.
«Որովհետև տիեզերական նյութի 90%-ը գազ է, իսկ 10%-ը՝ փոշի, այդ 10% փոշին է հենց անում, որ մոլորակային կորիզներ են ստեղծվում, այսինքն՝ Երկրի նման մոլորակների քարային կոմպոնենտը գալիս է այդ 10 տոկոս փոշուց։ Բայց հսկա մոլորակների ստեղծման համար դա երևի պետք չէ, ուղղակի մաքուր գրավիտացիոն սեղմումով, երևի, հնարավոր լինի մեծ մոլորակներ ստեղծել։ Մի քանի հազար տարում կարելի է Յուպիտերի նման մոլորակներ ստեղծել»։
Ամփոփելով՝ գիտնականն ասաց, որ կան շատ մոլորակներ, որոնք իրենց աստղերին շատ մոտ են գտնվում, ու դրանց զանգվածը Յուպիտերի զանգվածից էլ մեծ է. «Եթե ասում ենք՝ հայտնաբերվել է 3000 մոլորակ, ուրեմն իմացեք, որ 300 հազար մոլորակ էլ դեռ հայտնաբերված չէ։ Այդ մոլորակներից շատերն այնպիսի պայմաններում են, որտեղ ջուր և օրգանական նյութեր կարող են լինել, և առաջիկայում կկարողանանք նաև այդպիսի մոլորակներ գտնել»։