Բաքուն՝ «Իսկանդերի» թիրախում. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը նոր զինատեսակների տարածաշրջանային ռազմաքաղաքական նշանակության եւ կարեւորության աստիճանի մասին զրուցել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ։
– Պարոն Եվսեեւ, բոլորովին վերջերս հայաստանցիները համոզվեցին, որ հայկական բանակը զինված է «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Սոլնցեպյոկ» եւ ռադիոէլեկտրոնային պայքարի «Ավտոբազա» համակարգերով։ Ի՞նչ նշանակություն ունեն այս զինատեսակները հայկական բանակի համար հատկապես ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
– Սկսենք «Իսկանդեր» համակարգերից։ Փաստ է, որ դրանք արդեն իսկ Հայաստանում են եւ գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ։ Այս համակարգերը կարեւոր են Հայաստանի համար հատկապես ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից, քանի որ Բաքվի համար հանդիսանում են շատ ուժեղ հրթիռային զսպիչ գործոն հակամարտության հնարավոր վերսկսման պարագայում։ Այս զինատեսակը թիրախավորելու է հենց Բաքուն։ Ոչ թե նավթահորերն ու գազատարները, այլ հենց Բաքու քաղաքը։
Այժմ Բաքուն նշանառության տակ վերցնելու համար պետք չէ «Իսկանդերները» տեղակայել Ղարաբաղում։ Շնորհիվ այս համակարգերի՝ Բաքուն հայկական բանակի համար դառնում է բավական հեշտ խոցելի թիրախ։ Բանն այն է, որ հրթիռային համակարգերը սովորաբար լինում են ոչ այդքան ճշգրիտ։
«Իսկանդերի» տարբերությունն այն է, որ այն կարողանում է շրջանցել հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության միջոցները եւ ճշգրիտ ու կործանարար հարվածներ հասցնել նախապես նշանառության տակ վերցրած թիրախներին։ Այնպես որ, սա բավականին ուժեղ հրթիռային զսպիչ, գործոն է Բաքվի համար։
– Կարո՞ղ ենք ասել, որ ռազմական բալանսը վերականգնվել է ԼՂ հակամարտության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին։
– Ավելին, կարող ենք ասել, որ այժմ որոշակի առումով հայկական կողմն առավելություն ունի։ «Բուկ» եւ «Սոլնցեպյոկ» համակարգերն ուղղված են հակաօդային եւ սահմանային պաշտպանության ամրապնդմանը։ Հատկապես «Բուկերի» առկայությունն ուղղված է ՀՕՊ համակարգի հետագա հզորացմանը։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հենց ռազմական բալանսի վերականգման համար են։ Սրանք ստրատեգիական զինատեսակներ են։ Բացի այդ ստեղծվել է հայ-ոուսական միասնական զորախումբ, որի նպատակներից է լինելու Նախիջեւանի ուղղությունից բխող վտանգների չեզոքացումը։ Իհարկե, ես չեմ պատկերացնում, թե ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Նախիջեւանից Հայաստանի համար ինչ վտանգ կարող է լինել, սակայն հայկական կողմի համար այս ուղղությունը եւս կարեւոր է։
Զինատեսակների նոմենկլատուրայում շատ մեծ նշանակություն ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։
– Դրանք հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համա՞ր են։
– Այո, ինչը շատ կարեւոր է Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից Հայաստանին տրամադրվել է «Ավտոբազա» համակարգը։ Այն հայտնի է նրանով, որ ի զորու է վայրէջք հարկադրել հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերին։ Այս համակարգը կարող է կանխել ԱԹՍ-ների թռիչքը մինչեւ 10 կմ բարձրության վրա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: