«Իսկանդերները» հասել են Հայաստան․«Վեդոմոստի»
Ռուսական «Վեդոմոստի» պարբերականն անդրադարձել է ուրբաթ օրը Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձին, որի ժամանակ ցուցադրվել են Հայաստանի ԶՈՒ սպառազինությունները։
Պարբերականը գրում է, որ ռազմական շքերթի փորձի ժամանակ ցուցադրվել են նաև «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից մեկնաբանություններ այդպես էլ չեն կարողացել ստանալ, իսկ կիրակի օրը «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը չի պատասխանել հեռախոսազանգին։
Պարբերականը գրում է, որ ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի երկու մենեջեր հաստատել են «Իսկանդեր» համալիրի մատակարարման փաստը հայկական բանակին՝ նշելով, որ «Ռոսօբորոնէքսպորտը» դրան առնչություն չունի։ Այդ սպառազինությունները ձեռք են բերվել ՀԱՊԿ-ում սպառազինությունների մատակարարումների մասին համաձայնագրի հիման վրա՝ առանց ռուսական պետական միջնորդի։
Անցած տարեվերջին իրավական տեղեկության պաշտոնական կայքում հրապարակվել էր հավելված՝ ռուս-հայկական համաձայնագրի վերաբերյալ, որը նախատեսում էր 200 մլն դոլարի վարկի ստացում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։
«Իսկանդեր» համալիրի մասին այդ փաստաթղթում հիշատակություն չի եղել, և ըստ ձեռնարկության մենեջերի, դրա մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է առանց այդ վարկի միջոցների ներգրավման։
«Իսկանդեր» համալիրը ստեղծվել է 1990-ականներին, 2000-ականների սկզբին։ Մինչ այժմ այդ բարձր ճշգրտություն ունեցող և հեռահար համակարգը (արտահանվող տարբերակի հեռահարությունը մինչև 280 կմ է) չէր հաջողվել արտահանել ոչ մի երկիր։
2005թ. կնքվել էր «Իսկանդերը» Սիրիա մատակարարելու պայմանագիր, սակայն դա կյանքի չէր կոչվել Իսրայելի կառավարության խնդրանքով։
Պահուստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու խոսքով՝ նվազագույն միավորը, որը հնարավոր է մատակարարել, «Իսկանդերի» մեկ դիվիզիոնն է չորս արձակման կայաններով (երկու հրթիռ՝ յուրաքանչյուրում): Կարելի է ենթադրել, որ նման քանակություն մատակարարվել է նաև Հայաստանին, ասում է փորձագետը։
Հիթիռը կարող է հագեցվել ինչպես բեկորաֆուգասային, այնպես էլ կասետային ռազմական մասով՝ ինքնաթիրախավորվող տարրերով, և արդյունավետ միջոց է հրամանատարական կետերը, շտաբներն ու հրետանու դիրքերը խոցելու համար, հավելել է Մուրախովսկին։
Այդ տեսանկյունից «Իսկանդերը» հետաքրքիր է հայկական բանակին։
ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի՝ Պաշտպանության նախարարության աղբյուրը «Վեդոմոստիին» ասել է, որ Ռուսաստանից, Ուկրաինայից և Իսրայելից Ադրբեջանին արված մատակարարումներից հետո Հայաստանը մտավախություններ ուներ, որ դրանք կարող են օգտագործվել բնակավայրերը խոցելու նպատակով, իսկ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել էր կործանիչ հարված հասցնել Ստեփանակերտին։
«Վեդոմոստիի» զրուցակցի խոսքով՝ «Իսկանդեր» համակարգը կարող է լուրջ զսպիչ միջոց լինել նման պլանների իրականացման համար։