«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միշտ էլ վտանգի տակ է». Բորիս Նավասարդյան

«168 Ժամի» զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն օրերս հայտարարեց ԵՄ միասնական ռազմական շտաբ ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ ամերիկացիներն այլևս պատրաստ չեն ռազմական գործողություններ իրականացնել Եվրոպայում։ Ըստ Ձեզ` ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը և որքանո՞վ է լուրջ։

– Պետք է ասեմ, որ ԵՄ անդամ երկրների էլիտան բավականին տարբերակված մոտեցում ունի այս հարցի վերաբերյալ։ Յունկերը պատկանում է այն խմբին, որը միշտ կողմնակից է եղել Եվրոպական զինված ուժերի ստեղծմանը, քանի որ համարում է, որ ԵՄ-ն իր անվտանգության խնդիրներն առավել ինքնուրույն պետք է լուծի, քան մինչ այդ էր։ Ամեն դեպքում, այդ հարցի լուծումը կախված կլինի ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներից, իսկ այդ դիրքորոշումները տարբեր են։ Այնպես որ, միայն մոտակա քննարկումները ցույց կտան, թե ինչ հեռանկար ունի այս գաղափարը։ Կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ միանշանակ կողմնակից կլինեն այս գաղափարին այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք նույնպես անդամակցում են ԵՄ-ին, հիմնականում կցանկանան պահպանել եղած անվտանգության համակարգը, որի կենտրոնում ՆԱՏՕ-ն է, իսկ ՆԱՏՕ-ն հիմնականում հենված է ԱՄՆ-ի ռազմական ռեսուրսների վրա։

– Ռազմական շտաբի ստեղծումը կարո՞ղ է վերաբերել «Արևելյան գործընկերության» երկրներին։

– ԱԼԳ-ին դա որևէ կերպ չի վերաբերում, շատ անուղղակի` միգուցե, որովհետև ի վերջո հենց ԱԼԳ-ն ինքը հիմք դարձավ այն սպառնալիքների ու վտանգների համար, որոնց այսօր առնչվում է ԵՄ-ն։ Բնականաբար, դա ակտիվացրեց խոսակցությունները սեփական ռազմական ուժերի ձևավորման մասին։

– Այնուամենայնիվ ԵՄ-ի ներսում միտումներն ի՞նչ են փաստում` ԵՄ-ն կգնա՞ ռազմական անվտանգության ոլորտում ինքնուրույնության ճանապարհով։

– Դա կախված կլինի ևս մեկ խնդրից, թե որքանով ԵՄ-ում կպահպանվեն ինտեգրացիոն միտումները։ Այսօր դա էլ է կասկածի տակ, քանի որ ԵՄ շատ անդամ երկրներ գտնում են, որ ինտեգրացիայի հարցում բավականին հեռու և խորն են գնացել, և այդքան հեռու պետք չէր գնալ։ Բնականաբար, անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ հնարավոր է հաջողությունների հասնել, երբ կա ինտեգրացիայի բարձր աստիճան քաղաքական, օրենսդրական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում։ Այդ հարցը, բնականաբար, շաղկապված կլինի այն միտումների հետ, որոնք այսօր կան և բրիտանական Brexit-ի, և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում տարբեր դիրքորոշումների առկայության արդյունքում։ Այսօր կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ վեկտորները բավականին բազմազան են և իրար հակասող։

– Ե՛վ ԱլԳ-ի, և՛ ԵՄ-ի շրջանակում անվտանգության թեմայի արծարծումը, որն ակտիվացել է վերջին շրջանում, Ռուսաստանի կողմից ի՞նչ արձագանք կարող է ստանալ։

– Ռուսաստանը պաշտոնական մակարդակով հիմնականում քննադատաբար է վերաբերվելու եվրոպական զինված ուժերի ձևավորման հարցին և անընդհատ քարկոծելու է այդ գաղափարը։ Բայց դա չի նշանակում, որ այս միտումներն իրականում հակասում են ՌԴ շահերին, որովհետև ՌԴ արտաքին քաղաքականության ուղղվածությունը` իր առջև որպես առաջնային խնդիր` ունի նաև` հնարավորինս ջլատել Արևմուտքը և խոչընդոտել արևմտյան երկրների միասնությանը։ Եթե խորանան հակասություններն այս հարցում, դա միայն Ռուսաստանին ձեռնտու կլինի։

– Վերադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին` այս խոսակցությունները և այս թեմայի առաջմղումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ԵՄ բանակցությունների վրա` հաշվի առնելով Մոսկվայի դիրքորոշումը։ ՀՀ-ի դեպքում ևս խոսվում է ինչ-ինչ անվտանգային միջոցառումների մասին։ Հնարավո՞ր է դիմադրություն Մոսկվայի կողմից, որի հետևանքով կրկին վտանգի տակ կհայտնվի ՀՀ-ԵՄ ապագա փաստաթուղթը։

– Փաստաթղթի ստորագրումը միշտ էլ վտանգի տակ է եղել, բայց ոչ այն պատճառով, որ անվտանգության ուղղությամբ նոր միտումներ են ի հայտ եկել։ Դրա պատճառներն այլ են։ Չեմ կարծում, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող այսօրվա բանակցություններն այնքան խորն ինտեգրացիա են ենթադրում, որ այնտեղ, որպես բաղադրիչ, լինի անվտանգության խնդիր։ Այնպես որ, այս անվտանգության խնդիրների քննարկումները ներկայիս բանակցությունների օրակարգի հետ որևէ առնչություն չունի։

– ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով գնահատեց Հայաստանում ԸՕ բարեփոխումների շուրջ ընդդիմություն-իշխանություն համաձայնությունը։ Բնականաբար, բարեփոխումները պետք է արտահայտվեն հենց ընտրությունների ընթացքում, ու տեղեկություն կա, որ մինչ ընտրությունները ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի։ Ըստ Ձեզ` կա՞ արդյոք նման կապ, և ընտրությունների արդյունքները բարեփոխումների մասով կարո՞ղ են անդրադառնալ ՀՀ-ԵՄ օրակարգի վրա։

– Ինձ թվում է, որ ԸՕ հարցերը կապված են միայն բուն ընտրությունների գնահատման հետ, բայց ոչ ավելի լայն` ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս