«Ոռոգման ջրի ոլորտում մոնոպոլ վիճակ է. գյուղերը լքելու հիմնական առիթներից մեկն էլ ջրի վարձն է». Հրաչ Բերբերյան

168.am-ի հարցին պատասխանում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը

Ոռոգման ջրի ոլորտում այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում, գյուղացիներն ամեն տարի իրավացիորեն բողոքում են, որ այգիները ոռոգելու խնդիր ունեն, ո՞վ պետք է կարգավորի այս հարցը, նաև ոռոգման ջրի գներից են բողոքում, դա ինչպե՞ս պետք է կարգավորվի։

– Մենք նույնիսկ գյուղեր ունենք, որ այս տարի քիչ ցանք են արել կամ ընդհանրապես չեն արել, հատկապես՝ Լոռու տարածքում։ Մարդիկ ուղղակի ոռոգման ջրի պարտքեր ունեն. թե ինչպես են դրանք կուտակվել՝ ուրիշ խնդիր է, իհարկե, մեր խորին համոզմամբ՝ ոչ օբյեկտիվ պարտքերի կուտակում է, որովհետև տեսնում ենք մոնոպոլ վիճակ։ 2008թ. ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն մի օրենք անցկացրեց Ազգային ժողով, որտեղ ՋՕ-երը (Ջրօգտագործողների միություն) դարձան մոնոպոլ, այսինքն՝ ցանկանում ես թե չես ցանկանում՝ ՋՕ-ն պետք է քո ոռոգման գործին մասնակցի։ Այսօր մենք ունենք շատ տնտեսություններ, հատկապես՝ անհատ ֆերմերներ, փոքր գյուղեր, որոնց ոռոգման ցանցերը հարմար են ՋՐԱՌ-ի ցանցին միանալու ու առանց ՋՕ-ի օգնության այդ ոռոգումը կազմակերպելու։ Ցավոք սրտի, այդ օրենքի թերությունը բերում է նրան, որ այստեղ մենք ունենք մոնոպոլ վիճակ և իրոք պետք է պայքարենք դրա դեմ։ Կարծում եմ՝ այդ օրենքում փոփոխություն պետք է լինի։

Երկրորդ խնդիրն այն է, որ մասնագիտական որևէ մոտեցում չի եղել, բայց ընդունվել են նորմատիվներ հենց ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից, օրինակ՝ կարտոֆիլի մեկ անգամվա ոռոգումը գիտականորեն հաշվարկված է 700 խմ ջուր, այսօր գյուղացուց գանձվում է կրկնակին։ Այդ նորմատիվները պետք է մշակեն ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, որոնք հենց ջուր են վաճառում, այլ մի անկախ, թեկուզ՝ կառավարությանը կից հանձնաժողով։ Հատկապես ՀՀ գյուղնախարարության կողմից դա պետք է մշակվի, որովհետև ամեն մի բույս ունի իր ոռոգման ցիկլը։ Եթե բանջարեղենը ոռոգում ենք 15-20 անգամ, ապա կարտոֆիլը որոշ տեղերում 3 անգամ ենք ոռոգում, որոշ տեղերում՝ 5։ Հստակ պետք է հասկանանք՝ ամեն մի հեկտարի հաշվով ինչ ծախս է կատարվում։

Կարդացեք նաև

Մեզ կհակաճառեն, որ հաշվիչներ են դրված. այդ հաշվիչների պատմությունն էլ շատ լավ գիտենք, շատ հեշտ է այդ հաշվիչների հետ աշխատանք տանելը։ Իրենց հաշվիչներն են, ոնց ուզում՝ այնպես էլ հաշվում են։ Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է ջրային համակարգում բարեփոխումների գնալ։ Գյուղը լքելու հիմնական առիթներից մեկն էլ ջրի վարձն է, որն ընդհանրապես անընդունելի է։ Կառավարությունը սուբսիդավորում է, բայց գյուղացին արդյունքը չի տեսնում։ Առաջին քայլը՝ պետք է մտցնենք մրցակցություն, այսինքն՝ ոչ միայն ՋՕ-երը պետք է մասնակցեն գյուղացու ոռոգման համակարգի սպասարկմանը, այլ պետք է այլընտրանք լինի. կլինի դա գյուղապետարանը, մասնավոր խոշոր ֆերմերները, կոոպերատիվները, ասոցիացիաները, որոնք զբաղված են գյուղմթերքի արտադրությամբ։ Մինչև գարուն, եթե լավ աշխատենք, ոռոգման համակարգը կարգի կբերենք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս