«Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից»
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանի բակում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորև։
– Պարոն Կարապետյան, Դուք հայտարարել էիք, որ, եթե անգամ վարչապետի պաշտոն առաջարկեն, չեք համաձայնի: Ի՞նչն է այժմ Ձեզ ստիպել համաձայնել:
– Եթե չեմ սխալվում, հայտարարել եմ 2013թ.-ին, հիմա որոշակի պայմանները փոփոխվել են:
– Ի՞նչն է փոխվել:
– Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից:
– Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու, բացի այն երկու փուլից, որոնց մասին խոսեցիք:
– Բոլոր ծրագրերն այդ 2 փուլի մեջ են լինելու:
– Ճի՞շտ է, որ չեք ցանկանում աշխատել դաշնակցական նախարարների և հատկապես՝ Դավիթ Լոքյանի հետ:
– Ո՛չ, ճիշտ չի: Եվ ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքն ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան` ինքը ո՞ր կուսակցությանն է պատկանում:
– Կա՞ն մարդիկ, որ կլքեն կառավարությունը:
– Կան, անուններ չեմ նշի:
– Մենաշնորհները մեր երկրի ախտն են եղել, դրանց դեմ ինչպե՞ս եք պայքարելու: Կլինեն խաղի նո՞ր կանոններ:
– Այո, կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ` երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ նա արդարացի՞, մրցունա՞կ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք նրա ձեռքից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու:
– Այսինքն՝ փաստում եք, որ մինչ այս ա՞յլ խաղի կանոններ են գործել:
– Կարծում եմ՝ այո:
– Իսկ ինչո՞ւ է այդպես եղել:
– Չեմ կարող ասել:
– Ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը:
– Նախկին վարչապետն իմ գործընկերն է, իմ ընկերն է: Ես կարծում եմ, որ ինքը բավական ծանր վիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա: Այն աշխատանքը, որ ինքն է կատարել, ես չէ, որ պետք է գնահատեմ:
– Համաձա՞յն եք կարծիքների հետ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողեց կոռուպցիայի դեմ պայքարը:
– Ես այդպիսի գնահատական չեմ լսել, և թույլ տվեք՝ չհամաձայնեմ:
– Կարծիքներ կան, որ Դուք դրսից ուղարկված մարդ եք` Կրեմլից, ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
– Ժպիտով:
– Արտաքին քաղաքականության ի՞նչ կուրս եք որդեգրելու, և որքանո՞վ է Ձեր կառավարության արտաքին գործերի նախարարը պատասխանատու լինելու Ձեր առջև։
– Հարազատնե՛ր ջան, ես 1.5 օր է, որ վարչապետ եմ, ասացի, որ ծրագիր կներկայացնեմ: Ձեր հնչեցրած հարցերն այդ ծրագրից են: Եթե ես հիմա մաս-մաս ներկայացնեմ, ձեզ անհետաքրքիր է լինելու այդ ծրագիրը` մեկ, երկրորդ` բոլոր հարցերի պատասխանն այս պահին ես գուցե թեզիսային գիտեմ, բայց ամփոփ` չէ: Ծրագիրը նախատեսված ժամկետներում կներկայացնեմ:
– Ե՞րբ հասկացաք, որ երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է:
– Ծանր վիճակը կախված է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներից: Ես կարծում եմ, ոչ պրոդուկտիվ է հիմա՝ հասկանանք` ո՞րն է ճիշտ, ո՞րն է սուտ: Ճիշտը՝ հիմա մեր հիվանդության ախտորոշումն անենք, այդ հիվանդությունը բուժենք: