Ինչու դատարանը չկալանավորեց Սերգեյ Միրոնովին
Օգոստոսի 26-ին ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է։ Դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Միրոնովի պաշտպանները դեռևս չեն ծանուցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միրոնովի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու միջնորդությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է, քանի որ Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը. բացակայում էր ԱՄՆ իրավասու մարմնի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կամ որոշումը։
«Ներկայացված փաստաթղթերի մեջ կար նախնական կալանքի վերաբերյալ թուղթ, որտեղ ասվում էր՝ երկրի համար, որի միջնորդությամբ հրապարակվել է սույն կարմիր ծանուցումը, ինչը վերաբերում է Ինտերպոլի կողմից կարմիր քարտով հետախուզմանը, համարվում է նախնական կալանքի համար պաշտոնական միջնորդություն, սակայն Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված է այն բոլոր փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են դատարան ներկայացնելու համար՝ տվյալ անձին կալանավորելու համար։ Այնտեղ հստակ ասվում է, որ պետք է լինեն իրավասու մարմնի՝ դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշումը կամ միջնորդությունը, ինչը չկար։ Հետևաբար՝ տվյալ պարագայում ես այլ ենթատեքստ չեմ տեսնում։ Կարող եմ միայն հստակ ասել, որ այս պարագայում գերակայեց օրենքը՝ կոնկրետ ՀՀ քրեական դատավարությամբ ամրագրված դրույթները, որ պետք է ներկայացվեր կալանքի վերաբերյալ միջնորդություն կամ կալանավորելու վերաբերյալ որոշում, ինչը չկար»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ԱՄՆ-ի հետ երկկողմ միջազգային պայմանագիր չունի, այդ երկրի հետ միմյանց իրավական փոխօգնություն է ցուցաբերվում միայն Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի շրջանակներում։
Փաստաբանը նշեց նաև, որ ՀՀ դատարանն իրավասու էր միայն բավարարելու Միրոնովին 40 օրով կալանավորելու միջնորդությունը կամ մերժելու այն, իսկ այլ խափանման միջոց կիրառելու իրավասություն չուներ, որովհետև ՀՀ-ում քրեական գործ չկա, խոսքը միայն ժամանակավորապես կալանավորելու մասին է։ «Շրջանառվում էր այն խոսակցությունը, թե ինչպես եղավ, որ անձն առանց թույլտվություն հարցնելու՝ բացակայեց ՀՀ-ից և դուրս եկավ։ Հստակեցնեմ՝ ճիշտ է՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է և ուժի մեջ չմտնել բողոքարկվելու դեպքում, սակայն, եթե անձի վրա չկա ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու վերաբերյալ որևիցե իրավական նորմ, տվյալ դեպքում՝ դատարանի որոշում, ցանկացած անձ ազատ է իր գործողությունների և տեղաշարժման մեջ։
Տվյալ պարագայում եթե օդանավակայանում արդեն իսկ ձերբակալվել էր, և կայացվել էր ձերբակալելու մասին որոշում, նույն հետախուզման համար անձը երկրորդ անգամ չպետք է ձերբակալվեր»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո և դատարանի կողմից չկալանավորվելու պարագայում՝ անձն ազատ է իր գործողություններում, չկա որևէ իրավական նորմ, որով կարողանային տվյալ անձին պարտավորեցնել մնալ Հայաստանում։ Հետևաբար, ըստ նրա, որևէ օրենքի խախտում կամ Հայաստանի կողմից ՌԴ-ի նկատմամբ բարի կամքի դրսևորում տեղի չի ունեցել. ընդամենը լիարժեք կիրառվել է օրենքը։
Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց նաև, որ Սերգեյ Միրոնովի Մոսկվայի փաստաբանները դիմել են ՌԴ Գլխավոր դատախազությանը և Ինտերպոլին, որպեսզի վերջիններս ճշտեն՝ ինչո՞ւ ՌԴ Ինտերպոլը տեղեկացված չէր և չէր ստացել անձին հետախուզելու վերաբերյալ կարմիր քարտն այն դեպքում, երբ 2-3 ամիս առաջ Սերգել Միրոնովը Հնդկաստան է գնացել, ստացել է վիզա Իսպանիայի դեսպանատնից և նման խնդիր երբևիցե չի ունեցել։ Փաստաբանի խոսքով՝ ըստ տրամադրված փաստաթղթերի՝ 2012թ. հարուցվել է քրեական գործ, 2014թ. Սերգեյ Միրոնովի անունը շոշափվել է քրեական գործում, հետախուզում է հայտարարվել 2016թ.։
Փաստաբանը նշեց նաև, որ Հայաստանը չունի որևէ իրավասություն՝ Միրոնովին Հայաստան վերադառնալ պարտավորեցնելու համար։