ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը մեկնարկել է
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը: Այն բացել է ԳԱ-ի նախագահ Փիթեր Թոմսոնը:
Առաջին նիստի ընթացքում, որը մեկ ժամից պակաս է տեւել, ընդունվել են մի շարք արարողակարգային որոշումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ԳԱ-ի կոմիտեների կազմին ու աշխատանքի կազմակերպմանը:
Դրանից առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում պաշտոնապես փակվել է Գլխավոր ասբամբլեայի հոբելյանական, 70-րդ նստաշրջանը, որին մասնակցել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա գովեստի խոսքեր է ասել ԳԱ-ի անդամ երկրների հասցեին, նշելով վերջին մեկ տարվա ընթացքում ընդունված կարեւոր որոշումները: Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է անցյալ տարվա սեպտեմբերին մինչեւ 2030 թվականը գլոբալ զարգացման ծրագրի հաստատման մասին, որը պայքար է նախատեսում աղքատության, սովի, հիվանդությունների եւ սոցիալական անհավասարության դեմ:
Ընդամենը Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում տեղ է գտել 170 թեմա, այդ թվում՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը եւ այլատեցությանը հակազդման, շրջակա միջավայրի պահպանության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Նաեւ կշարունակվի ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխման քննարկումը:
Նստաշրջանի օրացույցի առաջին խոշոր իրադարձությունը կդառնա զանգվածային գաղթի խնդիրների շուրջ բարձր մակարդակի նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: Գլխավոր ասամբլեայի հարթակում նման հանդիպում առաջին անգամ է անցկացվում, դրա անհրաժեշտությունը թելադրված է Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում տրող իրադրությամբ:
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ կկայանա երկրների ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված փախստականնների հարցերին: Հանդիպմանը երկրներին կառաջարվի ստանձնել փախստականների ընդունման նոր պարտավորություններ:
Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կսկսվի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների շուրջ 150 ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի 30-ից ավելի նախարարներ: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կարծիքներ կփոխանակեն աշխարհի ընթացիկ իրադրության շուրջ՝ ուշադրությունը դարձնելովմարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների վրա:
Սպասվում է, որ այս տարի գլխավոր թեմաները կլինեն գլոբալ տաքացումը, ահաբեկչական սպառնալիքը, Սիրիայի հակամարտությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: