Հայաստանում տարածվում է նոր վիրուս

Կուտը կաշառք չէ, որ ուտելուց բռնեն։ Կամ, որ ուտելուց առաջ մտածեն՝ զգո՞ւյշ ուտեն, թե՞ ոչ այնքան, թաքո՞ւն, թե՞ բացեիբաց։ Կուտը, ի տարբերություն կաշառքի, ուտվում է չգիտակցված ու առանց մտածումի։ Կաշառքը, մինչդեռ, գիտակցված ընկալում է ու պահանջում է ուղեղի ու մնացած ծալքերի գերլարում։ Կուտը կորիզը չէ այս իմաստով, որն ուտելուց առաջ երբեմն կոտրում են։ Կուտի այս տեսակը ոչ թե կոտրվող է, այլ կոտրող, ու կոտրում է բանականությունը։

Համացանցային տիրույթում, կարծեմ, «թրոլինգ» կոչվող գործիքի իմաստը տարբեր միջոցներով մարդկանց ուշադրության շեղումն է ավելի կարևոր թեմայից, այնպիսի շեղումը, որը թույլ չի տալիս, որպեսզի այդ պահին շեղողների համար կարևոր խնդիրը դառնա օրակարգային։ Այդ գործիքի մասին երևի կարդացել կամ ուսուցանվել են բոլոր այն անտեսանելի համակարգողները, որոնք համակարգում են հայկական համացանցային տիրույթը։ Բայց քանի որ բոլոր մյուս առումներով, ինչպես համակարգողները, այնպես էլ համակարգվողները գտնվում են զարգացման այնպիսի մակարդակում, որը զարգացման վերջին մակարդակն է, թրոլինգ ասվածն այս դեպքում դառնում է չափազանցված ու գերագնահատված։ Ու իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտությունը ստիպում է այս օրերին սոցիական ցանցերում տարածվողն անվանել կուտ։

Նախորդ կառավարության հեռանալուց հետո համացանցում հայտնվել է ոչ այն է՝ տեղեկություն, ոչ այն է՝ կարծիք, ոչ այն է՝ ցանկություն այն մասին, որ իբրև թե, ուր որ է՝ Հայաստանը դառնալու է Սինգապուր։ Այդ ցնդաբանությունը պտտվում է բավական համակարգված ու թիրախավորված։

Այնքան թիրախավորված, որ անգամ դա հեգնողները կամա թե ակամա կատարում են նույն՝ պտտողների գործառույթը։ Իսկ անտեսանելի մոդերատորները դա անում են՝ ինչպես մատնոց պտտողները։ Խաբվողներն էլ՝ խաբվում, բայց խաբվելով՝ կրկնապտտում են այդ մարազմը։ Կամ պտտում են՝ չխաբնելով։ Խաբվողների շարքում կանգնած մատնոցատիրոջ օրթախի նման։

Ինչո՞ւ են հատկապես այս օրերին, կառավարության հրաժարականից ու նորի նշանակումից առաջ շրջանառվում այսպիսի մանիպուլյացիաներ՝ դժվար է հաստատապես ասել։ Հնարավոր է՝ նպատակը փոփոխությունների պատրանք ու սպասում առաջացնելն է ու հասարակությանը հերթական անգամ լավատեսական տրամադրություններ հաղորդելը, ինչպես սիրում են ասել հաղորդողները։

Այսինքն, հնարավոր է, նպատակը հասարակության հիմարացումն է։ Որովհետև ակնհայտ իրողությունների գնահատումն ու այդ գնահատումների հիման վրա դրական փոփոխությունների սպասման բացակայությունը ոչ թե հոռետեսություն է, այլ իրատեսություն։ Իսկ այդ նույն գնահատումների պարագայում՝ դրականի սպասումը ոչ թե լավատեսություն է, այլ հիմարություն։

Սակայն բացառված չէ, որ այդ մանիպուլյացիայի նպատակն ավելի վտանգավոր է, քան հասարակությանը հիմարացնելը։ Վտանգավոր է, եթե «սինգապուրյան հրաշքի» մասին հեքիաթներ տարածողներն այդպիսով ցանկանում են գաղափարական հիմք ստեղծել «սինգապուրյան մեթոդի» համար։

Որովհետև այդ հրաշքն իրականում հիմնված է մարդու իրավունքների ոտնահարման, պատկերավոր արտահայտությամբ՝ կաշառակերի ձեռքը կտրելու, ուժեղ բռունցքի ու ստալինիզմի հուշեր արթնացնող այլ մտասևեռումների վրա։ Եվ, ի դեպ, հետաքրքիր է, որ պատահականորե՞ն, թե՞ ոչ, «սինգապուրյան հրաշքի» մասին հեքիաթը տարածվում է այն ֆոնին, երբ «ամերիկյան հրաշքի» մասին խոսելը համարվում է գործակալություն կամ գրանտակերություն՝ լավագույն դեպքում։

Համացանցը հոգեհարազատ է դարձել Հայաստանի պաշտոնյաների համար։ Ինչպես պետական ու բանկային համակարգերը, որոնցում նրանք ստանում ու լվանում են կեղտոտ փողեր։ Համացանցը նրանց համար դարձել է ուղեղ լվանալու միջոց։ Նրանք համացանցը լցնում են վարակով կամ վիրուսով, որը վտանգում է ոչ թե համակարգիչները, այլ մարդկանց մտածողությունը։

Ու համացանցը լցնելով այդ վիրուսով՝ նրանք, ըստ էության, այդ վիրուսը տարածում են Հայաստանում, քանի որ, դժբախտաբար կամ հակառակը՝ համացանցը դարձել է տեղեկատվության մատուցման, խեղաթյուրման, ստացման ու մոլորեցման հիմնական գործիքը։

Այդ վիրուսի դեմ պայքարի միջոցը բավական դժվար, բայց նույնքան արդյունավետ է։ Պետք է մտածել։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս