Ստեփանակերտի տուն-ինտերնատում կա ևս մեկ նորապսակ զույգ
Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում են 86 կենսաթոշակառուներ, որոնցից 49-ը կանայք են, 37-ը՝ տղամարդիկ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի տուն-ինտերնատի ավագ բուժքույր Անուշ Մարդյանը` նշելով, որ նրանցից ավելի քան 22-ը հաշմանդամության կարգ ունեն: Խոսելով տուն-ինտերնատում ստեղծված պայմանների մասին` Ա. Մարդյանը նաև նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի տարեցներն իրենց հանգիստ ու ապահով զգան:
«Տեղի բնակիչներն ապահովված են տաք ու հարմարավետ կացարաններով, օրը չորսանգամյա սննդով, հագուստով, անկողնային և հիգիենիկ պարագաներով, ինչպես նաև տրամադրվում են բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ: Ազատ ժամանակ, ըստ ցանկության, զբաղվում են ընթերցանությամբ ու շյուղագործությամբ, խաղում են շախմատ, գնում են թատրոն, կինո, համերգներ»,-մանրամասնել է տուն-ինտերնատի ավագ բուժքույրը և հավելել, որ մահացողների հուղարկավորության ծախսերն ամբողջությամբ իրականցվում են պետական միջոցներով:
Ա. Մարդյանը նշել է նաև, որ տուն-ինտերնատի բնակիչների մի մասի խնամքն էլ աշխատողների կողմից իրականացվում է տնային պայմաններում. այդ աշխատանքները կորդինացնում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնի ոչ կառավարչական հիմնարկի տնօրեն Արեգա Ադամյանն էլ նշել է, որ նրանք այն տարեցներն են, ովքեր ապրում են իրենց տներում, բայց հոգածության կարիք ունեն:
«Անցած տարի նման խնդրով դիմել են 10, իսկ այս տարի 8 ծեր: Ընդհանուր առմամբ խնամքի տակ են շուրջ 180 քաղաքացի»,- ասել է Ա. Ադամյանը՝ հավելելով, որ տնային խնամք է իրականացվում նախարարություն դիմած և խնամքի կարիք ունեցող 63 տարին լրացած կենսաթոշակառուներին և հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող միայնակ քաղաքացիներին։
Ա. Մարդյանի խոսքով` մարդիկ, ապրելով տուն-ինտերնատում, կազմում են ընտանիքներ. այսօր ունենք տուն-ինտերնատում ստեղծված 4 ընտանիք, որից մեկ զույգ ամուսնացել է վերջերս` սեպտեմբերի 7-ին:
Մարտակերտցի 70-ամյա Ռոբիկ Աբրահամյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, պատմում է թե ինչպես է այդտեղ հանդիպել Գոհարին և ամուսնացել:
Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի 87-ամյա Ռիմա Հախումյանը մեզ հետ զրույցում պատմել է, Ստեփանակերտի տուն-ինտերնատի առօրյայի մասին, որտեղ նա արդեն ապրում է 7 տարի. «Եթե ես իմանայի, որ այստեղի կյանքն այսքան ջերմ է, պայմանները` այսպես հարմարավետ, կգայի 17 տարի առաջ: Ինձ միայնակ տարեց կնոջս այստեղ ընդունեցին գրկաբաց, որի համար անչափ շնորհակալ եմ մեր տնօրեն Իրինա Նիկոլաևնային ու ողջ աշխատակզմին. Նրանք ամեն ինչ անում են, որ մենք այստեղ մեզ մենակ չզգանք: Հարգալից են նրանք, ուշադիր, կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, նշում տոներ ու ծնունդներ: Բոլորով ուրախանում և մեզ զգում, որպես մեծ ընտանիքի անդամ»:
Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչների խոսքով` շնորհիվ սրտացավ, հոգատար և գործունյա տնօրեն Իրինա Սարգսյանի և կոլեկտիվի ողջ անձնակազմի` տուն-ինտերնատի բոլոր տարեցների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ, որ նրանք իրենց զգան ինչպես իրենց տանը: