«Ուորլիքը հակադրվում է ռուսական պլանին». Ստեփան Սաֆարյան
«Ջեյմս Ուորլիքն ակնհայտորեն իր հարցազրույցում փորձում է հիշեցնել այն ֆորմալ դիրքորոշումը, որ հայտնել է Ռուսաստանը, մինչդեռ ստվերային խողովակներով այլ բան է բանակցվում՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց»»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցի մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Ջ. Ուորլիքը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։
Ս. Սաֆարյանի խոսքով՝ Ջ. Ուորլիքի այդ միտքը պետք է դիտարկել իր մյուս ասածների համատեքստում, որտեղ նա նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումն ամենևին և միայն դա չի ենթադրում։ «Նա խոսել է, որ երկու կողմերը պետք է գնան փոխզիջումների, հստակ ակնարկել է, որ միայն մի կողմը չի կարող ինչ-որ մի բան վճարել, և մյուս կողմն ուղղակի ոչինչ չվճարել, ակնհայտորեն հասկացրել է ադրբեջանական կողմին, որ ընդհանրապես մերժում է կարգավիճակի հարցում որևէ զիջում, նաև խոսել է, որ պետք է լինի փախստականների վերադարձ և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»։
Ս. Սաֆարյանը նկատեց, որ դրանք երկու կարևոր էլեմենտներ են, որոնք, կարծես թե, բացակայում են ռուսական պլանում. «Ուորլիքը դա ուղղակիորեն չի ասում, բայց պատահական չի հիշեցնում, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի համապարփակ, և ոչ միայն՝ տարածքների վերադարձ կարգավիճակի դիմաց, հետևաբար՝ հենց այդքանով Ուորլիքն ինքը հենց հակադրվում է ռուսական պլանին։ Նա չի խուսափում նաև դրվատանքի խոսքեր ասել Ռուսաստանի ֆորմալ դիվանագիտության մասով, Պուտինի ներգրավվածության, Լավրովի ներգրավվածության մասով, բայց ակնհայտորեն, ինքն իր հարցազրույցում փորձում է հիշեցնել այն ֆորմալ դիրքորոշումը, որ հայտնել է Ռուսաստանը, մինչդեռ ստվերային խողովակներով այլ բան է բանակցվում, և դա պարզապես «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց»-ն է։ Նաև կարծեք թե ռուսական կողմի համար բացատրում է, թե ինչ է նշանակում՝ հաղթողներ չպետք է լինեն հկամարտության մեջ, հենց այդ կտրվածքով, որ ինքը նշում է, որ մի կողմը չէ, որ պետք է գնա փոխզիջումների»։
Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ջ. Ուորլիքի հարցազրույցում մեկ այլ կարևոր դրվագ վերաբերում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ջ. Ուորլիքը հենց առաջին պլան բերում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, մոնիտորինգի կարողությունների ընդլայնումը, որն իր մեջ ներառում է նաև հետաքննության մեխանիզմների ներդրում։
«Այս կտրվածքով Ուորլիքը, կարծես թե, ասում է, որ լավ է, որ այս ամիսների ընթացքում հարաբերական հրադադարը պահպանվել է, բայց կրկին շեշտում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության ամրապնդման միջոց, և այդ կտրվածքով որքան էլ ոմանք հակված են մտածելու, թե կարգավորման տարբերակների շուրջ է հիմնական տարաձայնությունը, այնուամենայնիվ, Ուորլիքն օրակարգի առաջին խնդիր դարձնում է մոնիտորինգի հարցը։ Ոչ պակաս կարևոր է նաև կողմերի սպառազինման խնդրի քննարկումը, որտեղ նա ուղղակի շեշտված տարբերություն է դնում Միացյալ Նահանգների պահվածքի և Ռուսաստանի պահվածքի միջև՝ նշելով, որ Ռուսաստանը հարձակողական սպառազինություն է վաճառում կողմերին այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ընդամենը սահմանափակ պաշտպանողական սպառազինություն է տրամադրում»,- նկատեց փորձագետը։
Անդրադառնալով Ջ. Ուորլիքի այն մտքին, թե ցանկալի է, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանային միասին ապրել՝ Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Ուորլիքն առաջին հերթին՝ ակնարկում է կոնտակտների բացակայությունը. «Որը կրկին Ադրբեջանի պատասխանատվության դաշտում է, որը վերացրեց երկրորդ մակարդակով բանակցությունները, և երկրորդը՝ քանի որ Ռուսաստանն այլ փաթեթ է բանակցում կողմերի հետ՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց», ինքը հրապարակ է բերում նաև մեկ այլ կոմպոնենտ։ Ուղղակի եկեք հասկանանք, որ սա ռուսական պլանը բարդացնելու կամ խոչընդոտելու մի բան է, երբ ինքը հիշեցնում է, որ կա փախստականների խնդիր»։