«Եթե պարոն Ուորլիքը դա ասում է, ուրեմն՝ պետք է նաև համապատասխան ծրագրեր իրականացնի». Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ ապրելու մասին
«Միջնորդները պարզապես պարտավոր են բոլոր կողմերի մոտեցումները ներառել ինչ-որ մի առաջարկի մեջ և քննարկել դրանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։
Դ. Բաբայանի խոսքով՝ կան իրավագիտական կանոններ, որոնք սովորաբար բանակցային գործընթացում պահպանվում են, եթե ընթանում են բանակցություններ, միջնորդները պարզապես պարտավոր են բոլոր կողմերի մոտեցումները ներառել ինչ-որ մի առաջարկի մեջ և քննարկել դրանք։
«Պետք է երախտապարտ լինենք նրանց, նրանք ազնիվ են գտնվում ու չեն թաքցնում, որ իրենք ուզում են կրկին գրավել Արցախը, որ չեն տեսնում որևէ հնարավորություն Արցախի Հանրապետության ճանաչման, միշտ էլ ասում են, որ չի լինելու երկրորդ հայկական պետություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումներն ընդունելի են։ Դրա համար էլ համանախագահները ստիպված այդ առաջարկները ներառել են այդ քննարկումների օրակարգում, ինչը ամենևին էլ չի նշանակում, որ դա ընդունելի է, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ չկա վերադարձ անցյալին»,- նշեց Դ. Բաբայանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» գաղափարը 1990-ականների պատերազմից հետո որոշ մարդկանց համար թվում էր տրամաբանական, որովհետև «այն ժամանակ մենք ունեինք այլ՝ ազգային-ազատագրական շարժման աշխարհընկալում, որը 70 տարիների ընթացքում ձևավորվել է». «Մենք պատկերացրել ենք, որ միայն կարգավիճակը կարող է փրկել Արցախին և անվտանգությունն ապահովել, բայց պատերազմը և հետագա ժամանակները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, բայց այդ տրանսֆորմացիան՝ ազգային-ազատագրական պայքարից՝ դեպի պետականություն, տեղի ունեցավ պատերազմի ավարտից հետո, այս իրավիճակում նման մոտեցում այլևս ընդունելի չէ։ Եթե խոսում ենք տարածքների մասին, ևս մեկ անգամ պետք է ասենք, որ սա շատ բարդ հարց է, և դա ոչ միայն Ադրբեջանի տեսանկյունից պետք է դիտարկել, կա Հյուսիսային Արցախի խնդիրը, Գետաշենի, Շահումյանի… Այս ամենը խնդիր են»։
Ջ. Ուորլիքը նաև նշել էր, որ իրենք կցանկանային շփում տեսնել մարդկանց միջև. «Որպես խաղաղ կարգավորում՝ մենք կցանկանայինք, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանային միասին ապրել։ Ես հավատում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում կան բազմաթիվ բնակիչներ, որոնք պատրաստ են դրան գնալ»։
Դ. Բաբայանի կարծիքով՝ տեսականորեն, իհարկե, լավ կլիներ, որ ընդհանրապես ժողովուրդները հաշտվեն մեկը մյուսի հետ, բայց, ըստ նրա, այստեղ պետք է աշխատանք տարվի։
«Եթե պարոն Ուորլիքը դա ասում է, ուրեմն՝ պետք է նաև համապատասխան ծրագրեր իրականացնի։ Մենք միշտ ասում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է մի քիչ վերանայվի։ Պետք է սկսել ամենաստորին օղակից՝ այդ մեխանիզմների ներդրումը, մարդկանց մեջ վստահության մթնոլորտի ձևավորումը… Մինչև Իլհամ Ալիևի իշխանության գալը եղել են նման հանդիպումներ, քննարկումներ, բայց կամաց-կամաց այդ բոլորը վերացել է, և հիմա Ադրբեջանում որևէ մեկը, որ հայերի հետ շփում է ունենում, դավաճան է համարվում։ Ինչպե՞ս կարող են ժողովուրդները համերաշխ ապրել, եթե Ադրբեջանը գլխատում է մեր զինծառայողին, գլուխը ցույց է տալիս ամբողջ գյուղերով, տարածքներով մեկ, Ալիևը հերոսացնում է մեկ այլ տականքի, որը քնած հայ սպային է գլխատել Բուդապեշտում, մեծ փողեր են տալիս, բերում են այդ ավազակին Բաքու, հայտարարում են, որ կխոցեն այն ինքնաթիռը, որը Ստեփանակերտից Երևան չվերթ կանցկացնի, և այլն։ Բարի ցանկությունը շատ լավ է, Մենք էլ ենք շատ բան ցանկանում, բայց պետք է աշխատանք տարվի։ Եթե ժամանակին քայլեր ձեռնարկվեին, միգուցե այսպիսի ծանր վիճակ Ադրբեջանում չէր լինի»,- նշեց Դ. Բաբայանը։