«Նոր վարչապետը չի հասցնի արագ փոփոխություններ անել». Գագիկ Մակարյան
«Չնայած նոր վարչապետը հայտարարում է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին, սակայն 6 ամիսը շատ կարճ ժամանակ է, և կարճաժամկետ ծրագրերը պետք է լինեն այնպիսին, որ առաջին հերթին՝ ժողովրդի համար շատ երևացող լինեն՝ և՛ տեսանելիությամբ, և՛ արդյունքներով: Իսկ այսօր ժողովրդին ամենահուզող խնդիրները բարձր աղքատութունն է, գործազրկության նվազեցումը, որոնց մասով անհնար է 6 ամսում արդյունք ապահովել: Մարդիկ ուզում են տեսնել դեմոկրատիա, իրենց իրավունքների պաշտպանություն, դատական համակարգում ավելորդ քաշքշուկներ ու ձերբակալումներ չլինեն, նախկինում բանակում սպանված կամ ինքնասպան եղած երեխաների մայրերի խնդիրների լուծում, պետական շահի համար վտարված մարդկանց խնդիրները, և այլն, որոնք տարիներով փորձել են լուծել, բայց չեն հաջողել: Իմ կարծիքով՝ այդ 6 ամսվա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ խնդիրների կարգավորմանը, որ հասարակությունը դա տեսնի: Սակայն այդ դաշտում էլ չեն հասցնի արագ փոփոխություններ անել: Մնում է ցուցադրական ինչ-որ բաներ անել, օրինակ՝ լուծել հոսանքի կամ գազի հետ կապված խնդիրներ, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով նոր կառավարությունից սպասվող ակնկալիքների մասին:
Ըստ նրա՝ համայնքներում փոքրիկ իշխանիկները մսխում են պետական ռեսուրսները, բայց նրանց էլ չեն հասցնի փոխել, հետևաբար՝ գնալու են կարճաժամկետ հատվածում դեմքերի փոփոխության մոդելով: Սակայն, Գ.Մակարյանի բնորոշմամբ, դեմքը պետք է ունենա նաև հայացք, որ տեսնում է երևույթը, վերլուծում, գնահատում և լուծման համար համապատասխան որոշում ու քայլեր կատարում:
«Նոր նախարարներն ու նոր պաշտոնյաները բավարար չեն, հասարակությունը չի խաբվի դրանով: Պետք է լինեն մարդիկ, որոնք իմիջ ունեն և ազդեցիկ են հասարակությունում: Շատ կարևոր է կուսակցություններից դուրս կադրերի որոնումը, որոնց ազնիվ համբավը հույսեր կառաջացնի: Հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետը պետք է հաշվի առնի նրանց կարծիքը, կազմի ծրագիր, որն անձերի փոփոխությունից չի երերա, այլ կունենա իր ընթացքը: Դրա համար պետք է նաև առանձին ֆոնդ ստեղծել բյուջեում»,- նշեց Գ.Մակարյանը:
Նրա կարծիքով՝ վարչապետը նախ՝ պետք է կառավարության իր քաղաքական կուրսը որոշակիացնի, հետո նոր թիմ հավաքի, որն ուղղված կլինի այդ ծրագրի իրականացմանը, ոչ թե լինի ձևական: Գ.Մակարյանը կարևորեց նաև օպոնենտների ինստիտուտի ստեղծումը, որը Հայաստանում չի կայանում. «Օպոնենտները միայն քաղաքական կուսակցությունները չեն: Նման դերակատարում պետք է ունենան բիզնեսին աջակցող կառույցները, վերլուծաբանները, անկախ փորձագետները և այլն»:
Գ.Մակարյանը նշեց, որ պետական գնումների համակարգը շատ արագ կարելի է կատարելագործել, որ լինի չկոռումպացված, թափանցիկ, որ արյունաքամ լինող բիզնեսը կարողանա գոնե այդ ճանապարհով իր եկամուտների հնարավորություններն ավացնել: Ըստ նրա՝ նաև շատ արագ կարելի է սկսել ձեռնարկություններում արդյունավետության զարգացում, ՓՄՁ ԶԱԿ-ով թրեյնինգների վրա ծախսվող գումարները խնայել, մեկ-երկու ուղղությամբ ուղղորդված ծրագրեր իրականացնել՝ ուղղված ձեռնարկությունների արդյունավետության բարձրացմանը: