«Օհանյան» կրթահամալիրի տնօրենը ծնողին խնդրել է որդուն հեռացնել դպրոցից. ահազանգ

«Օհանյան» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտ Մալխասյան Արգիշտիի մայրը՝  Գոհար Դիլանյանը նամակ-բողոք է ուղարկել 168.am-ի էլեկտրոնային փոստին, որտեղ նշում է, որ դպրոցի տնօրենը սեպտեմբերի 5-ին, այսինքն՝ ուսումնական տարին սկսելուց հետո, հրավիրել է դպրոց և խնդրել է իր տղային տեղափոխել այլ դպրոց, քանի որ երկու դասարանները միացրել են և աշակերտները դասարանում նախատեսված 15-ից երկուսով ավելի են: Գ. Դիլանյանը պնդում է, որ այդ մասին որևէ նախազգուշացում չի եղել մինր այդ, և այսօր ինքը հայտնվել է անելանելի վիճակում: Մանրամաները՝ նամակում.

«Ես, Գոհար Դիլանյանս, «Օհանյան» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտ Մալխասյան Արգիշտիի մայրը, տեղեկացնում եմ իմ երեխայի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին եւ հայցում Ձեր համապատասխան միջամտությունն այս խնդրի կարգավորման հարցում:

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ինձ զանգահարում են դպրոցից եւ կանչում դպրոց վարժարանի տնօրեն Սուսաննա Օհանյանի մոտ: Հաջորդ օրը գնում եմ եւ անակնկալի գալիս, քանի որ տնօրենը խնդրում է տղայիս հանեմ դպրոցից, պատճառաբանելով, որ երկու դասարան միացրել են՝ մեկում հավաքելով 17 աշակերտ, եւ քանի որ իրավունք չունի 15 աշակերտից ավել պահել դասարանում, երկու հոգու պետք է հեռացնեն, որից մեկը իմ տղան է՝ շեշտը դնելով նրա ցածր առաջադիմության վրա:

Հարցադրումս հետեւյալն է.

Կարդացեք նաև

  1. Ի՞նչ իրավունքով, իրավաբանական եւ բարոյական, տնօրենը ինձ այդ մասին հայտնում է սեպտեմբերի 6-ին, եթե այդ որոշումը կայացվել է անցած ուսումնական տարվա արդյունքների հիման վրա:
  2. Եթե այդ որոշումը կայացվել է ուսուցչական խորհրդի որոշմամբ, ինչու՞ ոչ մի ուսուցիչ դրա մասին տեղյակ չի, ընդհուպ մինչեւ դասղեկը, համենայնդեպս այդպես են ինձ ասում:
  3. Ի՞նչ իրավունք ունի դպրոցի տնօրենը իմ երեխային «դուրս շպրտել» դպրոցից՝ չմտածելով, թե ծնողը ինչ դժվարությունների առջեւ է կանգնում սեպտեմբերի 7-ից սկսած երեխայի համար նոր դպրոց փնտրելու գործում; ինչ հոգեբանական եւ այլ սթրեսների է ենթարկվում երեխան այդ լուրը հանկարծակի իմանալու, հասկանալու, դրան հարմարվելու պրոցեսում:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ մինչ այդ ոչ մի տեսակի նախազգուշացում, խոսակցություն, ակնարկ անգամ չի եղել երեխային դպրոցից հանելու մասին՝ ոչ երեխային, ոչ երեխայի ծնողներին: Ինչ վերաբերվում է երեխայի առաջադիմությանը, այն փայլուն չէ, բայց կարող եմ բերել մի քանի փաստ նրա անցած ուսումնական տարվա արդյունքներից, որի գնահատականները անկախ են. երեխան դիմել է ֆիզմաթ դպրոց՝ վաստակելով ընդունելության քննություններին 9 միավոր անցողիկ 10 միավորից՝ համենայնդեպս 1 կամ 2 միավոր չէ; մասնակցել է «Շիրակացի» ճեմարանի առարկայական բաց օլիմպիադաներին՝ շահելով III կարգի դիպլոմ հայոց լեզվից եւ գովասանագիր անգլերեն լեզվից, մնացած գնահատականներին կարող եք ծանոթանալ հենց դպրոցի կողմից տրամադրված նյութերից:

Ընդունված որոշումը մի գուցե նպատակահարմար է տնօրենի շահերից ելնելով, երկու դասարանի փոխարեն մեկ դասարան պահելը, այսպիսով կրճատելով սեփական ծախսերը: Իսկ երեխայի շահերը ով պիտի պաշտպանի, եթե ոչ երեխայի կողմից հարազատ,սիրված դպրոցի տնօրենը եւ ուսուցիչները, դպրոցի, որը նա հաճախել է առաջին դասարանից եւ որի համար ծնողները՝ ի դեպ, վճարել են վեց տարի շարունակ, երեխայի համար որակյալ ուսում ապահովելու եւ երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ստանալու ակնկալիքով: Ինչպես պետք է երեխան «մարսի» այս դավաճանությունը նրանց կողմից, խուսափելով վերհիշելու իր անցած ճանապարը, մոռանալ հասցված վիրավորանքը եւ անարդարությունը:

Խնդրանքս հետեւյալն է. մանկավարժներից, մասնագետներից, հոգեբաններից կազմված հանձնաժողով կազմել եւ ուղարկել դպրոց՝ ուսումնասիրելու պատճառները իմ երեխային դպրոցից հեռացնելու ՝ անպատշաճ կերպով այդ մասին տեղեկացնելով ծնողին սույն թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ; բացահայտելու , թե ինչու հենց իմ երեխան է ընդգրկվել «սեւ ցուցակ» առանց հիմնավոր պատճառաբանության եւ նախազգուշացման, պատժել տնօրենի անօրեն քայլը այդ կերպ դասարանի կազմը պակասեցնելու հարցում, վեր դասելով սեփական շահերը երեխայի շահերից՝նման կերպ անգետ եւ ոչ մանկավարժորեն վարվելով նրա հետ: Մեկ խոսքով՝ խնդրում եմ վերականգնենք արդարությունը ՝ հարցականի տակ դնելով «Օհանյան » կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանի արարքը եւ կանխեք նրա հետագա քայլերը երեխաների շահերը ոտնահարելու գործում»:

Գոհար Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս