Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության եւ ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի շահերից.

«Ժողովրդավար պետությունները Միացյալ Նահանգների ավելի լավ բարեկամներն են դառնում, քան միապետական համակարգերը: Դրանից բացի, քիչ հավանական է, որ առավել ժողովրդավար Հայաստանը կամ Վրաստանը Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվեն»:

Վերլուծաբանի խոսքով, ներկայում Հայաստանը գտնվում է շատ խոցելի իրավիճակում հենց Ռուսաստանի կողմից Երեւանի վրա գործադրվող ճնշումների պատճառով.

«Հայաստանի դեպքում, Ռուսաստանի ռազմական շահերը նախատեսում են Ղարաբաղում ստեղծված փակուղու հավերժացում ՝ Հայաստանը մշտապես կախյալ թողնելով Ռուսաստանից: Խոսակցություններ կան նաեւ նույն նպատակով հակամարտության տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ»:

Նովոյի խոսքով, Ռուսաստանի կախվածության տակ մնալու խնդիրը ոչ միայն ռազմական այլեւ՝ ներքաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որը կարծես թե սկսում է ընթանալ Բելառուսի եւ Ղազախստանի ճանապարհով.

«Հայաստանը միացել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը՝ կրելով բազմաթիվ տնտեսական կորուստներ: Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել երկու անգամ՝ վիճելի ընտրությունների միջոցով, անցյալ տարի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացրել՝ Հայաստանը նախագահականից խորհրդարանական պետություն դարձնելով: Այս դեպքում Սարգսյանը ցանկության դեպքում կարող է շարունակել կառավարել որպես վարչապետ՝ հինգ տարի անց կրկին դառնալով նախագահ. Անել հենց այն, ինչ արեց Վլադիմիր Պուտինը»:

Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաեւ փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երեւանին ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:

Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, Էնդրյու Նովոն նշել է, որ, դրանցից հիմնականում շահում է ռուսական կողմը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս