«Նոր պատժամիջոցներն էլ ավելի են թուլացնում Ռուսաստանին ու ԵՏՄ կազմում հայտնված երկրներին». բելառուսցի քաղաքագետ

«Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության մեղմման մասին խոսք անգամ գնալ չի կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բելառուս վերլուծաբան, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության  քաղաքական մեկնաբան Վալերի Կարբալևիչը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին ու ԵՏՄ հեռանկարներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ևս 11 ռուսական ընկերություն: Ընդհանուր առմամբ, ցանկում է 81 կազմակերպություն: Անցած շաբաթ իր պատժամիջոցների ցանկն էր ընդլայնել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ևս: Մասնավորապես՝ սահմանափակումներ են սահմանվել 20 կազմակերպության և 17 ֆիզիկական անձանց հանդեպ: Պատժամիջոցներ են սահմանվել «Գազպրոմի» և «Մոսկվայի բանկի» դուստր ընկերությունների, ինչպես նաև՝ Ղրիմում գործող ընկերությունների դեմ:

Նոր ցանկը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ֆինանսների նախարարության փաստաթուղթը, որը հրապարակվել էր սեպտեմբերի 1-ին, սակայն «սև ցուցակում» են հայտնվել 11 նոր ռուսական ընկերություններ: ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյում պարզաբանել են, որ պատժամիջոցները վերաբերում են ռուսական ընկերությունների արտադրած նյութերի և տեխնոլոգիաների արտահանմանը:

Վալերի Կարբալևիչն ասաց, որ որքան էլ Ռուսաստանի քաղաքականությունը տնտեսական լուրջ կորուստների հետևանքով զիջումների պատրաստակամության պատրանք է փորձում ստեղծել, շարունակել իր եվրասիական հավակնությունների իրագործումը, Արևմուտքն այդ փորձերին այլևս չի հավատում։ Ըստ նրա, այն ժամանակ, երբ ռուսական կողմը հույս ուներ, որ ռուս-արևմտյան լարվածության վտանգավոր փուլն անցել է, կարելի էր սկսել տնտեսության վերականգնումը, ԵՏՄ ծրագրերի վերսկսումը, երբ հայտարարվեցին նոր պատժամիջոցների մասին։

«Ռուսաստանի պաշտոնատար անձինք, փորձագիտական հանրության ներկայացուցիչները վերջին շրջանում ակտիվորեն հույս են հայտնում, որ հնարավոր կլինի վերականգնել ԵՏՄ աշխատանքների ակտիվությունը, ավելին, մտածել այդ միությունն ընդլայնելու և Եվրոպական միությանը հակակշիռ կառույց դարձնելու մասին, թեև ԵՏՄ-ն անդամ-երկրների համար իր ձևավորումից ի վեր գոյություն չունի»,- նկատեց Կարբալևիչը։

Վերջինիս համոզմամբ՝ ամենևին էլ պատահական չէր ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության բաժնի ներկայացուցչի մատուցած անակնկալ տեղեկությունն այն մասին, որ կվերանա «Պատրաստված է Բելառուսում» կամ «Պատրաստված է Հայաստանում» գրությունն այդ երկրներում պատրաստված ապրանքների նկարագրական հատվածներում։

«Սա արվում է Եվրոպական միության նմանությամբ։ Նմանատիպ դրոշմանշումն արդարացված է այն դեպքում, երբ այդ միության անդամ բոլոր երկրներում իսկապես արտադրանքի նույն չափանիշներն են գործում, երբ միությունն իսկապես գործում է՝ որպես մեկ միատարր կառույց։ Այս դեպքում, իհարկե, այս մակնշումն ամբողջությամբ ձևական բնույթ է կրելու, և հատուկ է արվում, քանի որ ԵՏՄ կազմակերպիչներն իրենք գիտեն, որ կառույցը չունի բովանդակային հենք, ուստի դրա մասին աշխարհում տպավորություն պետք է ստեղծել ԵՏՄ-ի աշխատանքների ձևական կողմն ապահովելով, ցույց տալով, որ իսկապես գոյություն ունի ԵՏՄ արտադրանք։ Սակայն բոլորիս համար արդեն իսկ պարզ է, որ ԵՏՄ-ում չկան չափանիշներ ու արժեքներ, նույնիսկ տնտեսապես այս երկրներին միմյանց կապող հետաքրքրություններ՝ պայմանավորված Ռուսաստանում ստեղծված իրավիճակով։ Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ անակնկալ մատուցելով՝ ուղերձ է հղում, որ Ռուսաստանն իրեն «ազատ» զգալու իրավունք չունի»,- նման տեսակետ հայտնեց բելառուս քաղաքագետը։ Վերջինիս կարծիքով, նորանոր պատժամիջոցներն էլ ավելի են թուլացնում Ռուսաստանին ու ԵՏՄ կազմում հայտնված երկրներին, այդ թվում՝ Բելառուսին ու Հայաստանին։

«Հիմքեր չեմ տեսնում պնդելու համար, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սուր անկյունները մեղմվել են, տարաձայնությունները հակամարտ բոլոր գոտիներում՝ թե Ուկրաինայում, թե Սիրիայում, շարունակվում են, որոնք դրական հեռանկարներ չեն խոստանում։ Միացյալ Նահանգները զգուշացնում է Ռուսաստանին, որ ցանկացած քայլ Ռուսաստանի կողմից, նույնիսկ կիբեր հարթությունում, ստանալու է արժանի պատասխան ԱՄՆ-ի կողմից։ Երևի թե հիշում եք, որ անցյալ ամիս արևմտյան մամուլը տարածեց տեղեկություն այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային սերվերը ջարդելու պատասխանատուն Ռուսաստանն է և պատժվելու է պատժամիջոցներով։

Երևի թե սրանք հենց այդ պատժամիջոցներն են։ Հենց դա է պատճառը, որ Բելառուսի նախագահը որոշեց փոքր-ինչ, չնչին կերպով ուղղվել դեպի Եվրոպա և որոշակի աշխատանքներ սկսել այս ուղղությամբ՝ հասկանալով, որ միայն ռուսական գազը չի փրկի Բելառուսին։ Ժամանակի ընթացքում բոլոր հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կհասկանան, որ հույսեր կապել միայն Ռուսաստանի հետ, որպես տնտեսական գործընկեր, ներդրող, անվտանգություն ապահովող, չի կարելի, քանի որ Ռուսաստանն ամենաանհուսալի տնտեսական և քաղաքական իրավիճակում է՝ իր վարած քաղաքականության հետևանքով։ Մեկ այլ հանգամանք ևս կա՝ առանց հավասարակշռության հնարավոր չէ երկար շարունակել, ներկայիս զարգացումները եվրասիական կամ հետխորհրդային տարածքում դա են փաստում»,- ասաց բելառուս քաղաքական վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս