«Բանակցային գործընթացը փակուղում է, բայց ելք կա». Տարասով

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայիս տեսքով սպառված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության սյունակագիր, փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։

Նա կարևորեց սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները՝ պնդելով, որ դրանք պլանային աշխատանքներ են լինելու, որոնք պարբերաբար կազմակերպվում են թե՛ Փարիզում, թե՛ Մոսկվայում և թե՛ Վաշինգտոնում: Այդ հանդիպման  նպատակը, ըստ Տարասովի, երեք երկրների ջանքերի համակարգումն է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Ըստ նրա՝ հասկանալի է, որ Մոսկվայում հատուկ ուշադրության է արժանանալու Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմ հայտարարելով, բարձրացրեց և ամրապնդեց սեփական հեղինակությունը, մուտք գործեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որոնք ամրապնդում են նրա անձնական իշխանությունը: Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երևում է, սկսել է պատրաստվել որոշակի կարգավորումների երկրի արտաքին քաղաքականության մեջ: Բաքվի համար կարծես վիեննական և սանկտպետերբուրգյան համաձայնագրերը գոյություն չունեն, քանի որ նա կրկին սկսել է պահանջել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս հայտնի բանաձևերի իրականացում: Այս մասին իր մեկնաբանություններով էր հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին։ Սա այս փուլում անհասկանալի էր։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ օրերս ուշադրություն հրավիրեց վստահության բարձրացման կարևորության վրա։ Սա մի կողմից՝ լիովին տրամաբանական է, քանի որ շեշտը դրվում է վիեննական և սանկտպետերբուրգյան համաձայնագրերի պրակտիկ իրականացման վրա:

Մյուս կողմից՝ Նալբանդյանը կարգավորման հարցը տեղափոխում է ապագա, քանի որ ներկայիս գործընթացների հերթականությունը չի բացառում Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին, որը չի խախտի ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը կամ Մադրիդյան սկզբունքները»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։ Վերջինս նաև շեշտեց, որ իր տպավորությամբ՝ վստահության մեխանիզմների հաստատման ամենաշահագրգիռ կողմը Ստեփանակերտն է։ Այս ամենից, ըստ ռուս վերլուծաբանի, պարզ է դառնում, որ Երևանն ու Բաքուն վերադառնում են իրենց նախկին դիրքորոշումներին։

«Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայիս տեսքով սպառված է կամ փակուղում է»,- ընդգծեց Տարասովը։ Հարցին, թե ինչպե՞ս պետք է փոխել կողմերի միջև ստեղծված մթնոլորտը, Տարասովը պատասխանեց, որ ելք տեսնում է։ Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նախապատրաստի ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կենթադրի ռազմական գործողությունների վերսկսման բացառում և առաջընթաց կարգավորման գործընթացում։

Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ նման խոսակցություններ ՄԽ-ում արդեն կան։ Տարասովի համոզմամբ՝ պատահական չէր նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հույս հայտնեց, որ խաղաղություն հնարավոր է։ Հիշեցնենք, որ նախօրեին ՄԽ ամերիկացի համանախագահն անակնկալ գրառում էր կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով. «Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս