Տաքսու 24-ամյա վարորդը 14-ամյա աղջկա հետ տարբեր վայրերում սեռական հարաբերություն է ունեցել. նա դատապարտվել է
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։
Ըստ քրեական գործի նյութերի՝ 24-ամյա երիտասարդն աշխատել է՝ որպես անհատ տաքսու վարորդ, բացի դրանից, մասնավոր հիմունքներով զբաղվել հողագործական աշխատանքներով։
2015թ. հողագործական աշխատանքներ է կատարել գյուղերից մեկի դաշտերում, որտեղ իր հետ աշխատողներից մեկը հողագործական աշխատանքներ կատարելու նպատակով իր հետ աշխատավայր է բերել նաև դստերը` անչափահաս աղջկան, ով քրեական գործով տուժող է ճանաչվել։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է վերջինիս հետ, և նրանց միջև փոխադարձ համակրանք է ձևավորվել, սկսել են շփվել։ Ժամանակի ընթացքում համակրանքը վերածվել է սիրո, սկսել են հանդիպել, և վերջինիս հետ հերթական հանդիպման ժամանակ անչափահաս աղջկան առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ։ Վերջինս հայտնել է, որ մինչ այդ սեռական հարաբերություն չի ունեցել, արդյունքում՝ ընտրվել է այլ տարբերակ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս սեռական հարաբերություն են ունեցել այլ անգամներ ևս՝ ավտոմեքենայի հետևի նստատեղերին, տանը, քաղաքի ամայի հատվածում։
Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։ Ըստ ցուցմունքի՝ սեռական հարաբերությունը տեղի ունեցել փոխադարձ համաձայնությամբ, և ինքը տեղյակ է եղել, որ տուժողը 14 տարեկան է, դրա մասին տեղեկացել է վերջինից՝ իրենց ծանոթության առաջին օրը։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և միջնորդել արագացված կարգով դատական քննություն անցկացնել` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։ Դատարանը համոզվելով՝ որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։
Դատարանն ապացուցված է համարել, որ երիտասարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա նկատմամբ։
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանք է դիտում այն, որ նա նախկինում դատված, արատավորված չի եղել, զղջացել և զղջում է կատարածի համար, ներկայումս տուժողի հետ բնակվում են համատեղ, բնութագրվում է դրականորեն։ Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել։