Քաղցկեղի տեսակ, որն առողջացնում է ընտրյալներին
Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների ու դրանցով պայմանավորված խայտառակ վիճակի մեղավորն անձի՞նք են, թե՞ համակարգը։ Ընդդիմադիրներն ասում են, որ անձինք են, ու նրանց փոփոխությամբ բոլոր հարցերը կլուծվեն։ Իշխանություններն էլ ասում են, որ խնդիրը համակարգային է, և էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա երկիր դրախտավայր։ Իրականում, ինչպես գրեթե բոլոր հարցերում, ճշմարտությունը ո՛չ ընդդիմադիրների ողբերգականության, և ո՛չ էլ իշխանությունների ինքնասփոփանքի մեջ չէ։ Ո՛չ համակարգերն են արատավոր, ոչ էլ անգամ այն գլխավորող անձերը, այլ խնդիրները, որոնք այդ անձերը դնում են համակարգերի առաջ ու, որ նույնքան կարևոր է՝ այդ խնդիրների առաջնահերթությունները։
Օրինակ, Ճանապարհային ոստիկանության համար առաջնային խնդիր է կազմվող արձանագրությունների միջոցով քաղաքացիներից գումարներ շորթելն ու չվերահսկվող արտաբյուջեն համալրե՞լը, թե՞ անվտանգ երթևեկության ապահովումը։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Բայց ցանկացած վարորդ անգամ դատարանում կարող է վկայություն տալ, որ ՃՈ-ի աշխատակիցների համար գերառաջնայինը գումարի հավաքագրումն է, ինչը նրանց ոստիկանից դարձնում է գաիշնիկ։
Արդյոք դատարանների խնդիրն արդարադատության իրականացնո՞ւմն է, թե՞ իշխանության իջեցրած քաղաքական պատվերի կատարումն ու այդ պատվերից դուրս գործերով փող աշխատելը։ Դատական համակարգի հետ անգամ մակերեսորեն առնչված ցանկացած մեկը, բնականաբար, ոչ դատարանում, կվկայի, որ դատարանների համար առաջնահերթություն է քաղաքական պատվերն ու փողը։ Հնարավոր է, իհարկե, որ երբեմն դատավորներն արդար վճիռներ կայացնեն, մոտավորապես այնպես, ինչպես դահիճը կարող է 100-րդ զոհի հանդեպ մարդասիրություն ցուցաբերել ու 101-րդին գլխատելուց առաջ նրան բաշխել կյանքը։
Դպրոցի տնօրենների ու ուսուցիչների, բուհերի ղեկավարության համար առաջնային է ուսումնակրթական բարձր առաքելությո՞ւնը, թե՞ իշխանության որևէ ներկայացուցչի առաջ կռանալու ցածր ինքնապարտավորությունն ու ընտրություններում իշխանության թեկնածուների հաղթանակի ապահովումը։ Թող որևէ ուսուցիչ կամ ռեկտոր ձեռքը դնի խղճին և հայտարարի, որ առաջին խնդիրը գերակա է որևէ վարչության պետի երեխային սեպտեմբերի 1-ին շեյխավայել ընդունելության կամ որևէ ավտարիտետի եղբոր ընտրության խնդիրն ապահովելու նկատմամբ։ Չի կարող։ Ընդհանուր առմամբ՝ խղճի բացակայության, մասնավորապես՝ հակառակն ապացուցող տեսաձայնագրությունների բազմության առկայության պատճառով։
Հարկային ու մաքսային մարմիններն աշխատում են բոլոր գործարարների համար հավասար պայմաններ ապահովելո՞ւ, այդպիսով տնտեսական գործունեությունը խթանելու ու երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու, թե՞ պետական և ստվերային բյուջեները համալրելու համար։ Թող որևէ հարկային տեսուչ կամ սեփական եկամուտների աճեցմամբ զբաղվող Պետեկամուտների կոմիտեի ղեկավար ձեռքը դնի խղճի հետ որևէ աղերս ունեցող մարմնի ցանկացած հատվածի ու հայտարարի, որ գործարարների համար հավասար պայմանների ապահովումը գերակա է որևէ օլիգարխի թիկնապահի հեռախոսազանգի համեմատ։
Օրինակները շատ են, խնդրի էությունը՝ նույնը։ Հայաստանի բոլոր ինստիտուտներն առաջնորդվում են ոչ թե իրենց առջև դրված սահմանադրական, օրենսդրական խնդիրների, այլ իրենց ներկայացվող այլ՝ հակասահմանադրական, հակաօրինական նպատակների առաջնահերթության սկզբունքով։ Որովհետև այն սուբյեկտները, որոնք պետական ինստիտուտների համար ձևակերպում են այդ պատվերը, իրենք են դուրս գտնվում Սահմանադրությունից, օրենքից ու հանրային օրակարգից։ Որովհետև այդ պատվերը ձևակերպող իշխանությունը, նրան վերահսկելու առաքելություն ունեցող ընդդիմությունը նույնպես իրենց գործունեության մեջ առաջնահերթությունը տալիս են ամենևին ոչ այն խնդիրներին, որոնք բխում են Սահմանադրությունից, օրենքից և հանրային կյանքի բարելավման անհրաժեշտությունից։
Իշխանությունը՝ համակարգային առումով և անհատապես, գործում է ոչ թե իր առջև դրված ֆորմալ խնդիրների լուծման, այլ առաջին հերթին՝ իշխանության պահպանման գերնպատակին ծառայելու համար։ Այսինքն՝ պետության համար դրական որևէ քայլ է կատարվում այնքանով ու այն բանից հետո, որքանով դա ստորադասվում է իշխանության պահպանման գերառաջնային նպատակին։ Նույնը վերաբերում է նաև ընդդիմությանը, որը հանրությունից կտրված է ոչ պակաս, քան իշխանությունը։
Որովհետև ընդդիմությունը՝ ընդհանուր առմամբ, ու ընդդիմադիրները՝ անհատապես, չնչին բացառություններով, աշխատում են իրենց հրապարակային քայլերում, որը ընդդիմության գրեթե միակ աշխատանքն է, դուր գալ միանգամից բոլորին, բայց առաջին հերթին՝ իշխանությանը, դրանից առաջ՝ Ռուսաստանին, ու հետո միայն՝ հասարակությանը, ընտրողին։
Բայց քանի որ ընդդիմադիրներն այնքան տաղանդավոր չեն, որքան իրենց է թվում, ու այնքան հանճարեղ չեն, որքան պետք է լինեին բոլորին մոլորեցնելու համար, առաջնորդվում են առաջին հերթին՝ իշխանությանը հաճոյանալու անհաջող քողարկվող մղումով։
Մեծ մասին դա հաջողվում է, քանի որ իշխանության համար առանձնակի բարդություն չի ներկայացնում գովեստի կոնսպիրատիվ խոսքերի հղումը, որը երբեմն կարող է արտահայտվել անգամ թփթփոցներով։ Ընդդիմադիրի ուսին։
Իսկ նրանք, ովքեր թփթփոցների չեն արժանանում տեղի գնահատողներից, իրենց ուսն ուղղում են դեպի ռուսական ափեր՝ բառի աշխարհագրական և ֆիզիոլոգիական իմաստով։
Հայաստանում խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ ֆորմալ ինստիտուտներն ու կառույցները գործեն ֆորմալ խնդիրների առաջնահերթության սկզբունքով, որը նշանակում է անգամ ու հնարավոր է՝ առաջին հերթին՝ նաև իշխանության կամ կարգավիճակի կորուստ։ Բայց քանի որ, ինչպես պաշտոնյաների, այնպես էլ պաշտոնի ձգտող ընդդիմադիրների համար դա մահու չափ սարսափելի է, համակարգերը շարունակում են գործել սկզբունքով, որն ամենամեղմ ձևակերպմամբ կոչվում է թայֆաբազություն, քրեաիրավական բառապաշարով՝ պաշտոնական դիրքի չարաշահում՝ պետությանը հասցված առանձնակի խոշոր վնասի գործադրմամբ։
Այս իրավիճակը նման է այն քաղցկեղով հիվանդի պատմությանը, որի բուժումը հնարավոր է, բայց հարազատները թույլ չեն տալիս, քանի որ ստացված ցավազրկողները վաճառում են՝ որպես թմրանյութ։ Պետությունն ու հասարակությունը հենց այդ հիվանդի կարգավիճակում են, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ թմրանյութ վաճառող հարազատների։ Սա քաղցկեղի աննախադեպ տեսակ է, որը, փաստորեն, առողջացնում է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր ընտրյալների։
Առջևում ընտրություններ են։
Հարություն Ավետիսյան